Անցյալ տարվա մայիսին Հայաստանում հյուրընկալված Բելառուսի նախագահ, այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Երևանում համագործակցության պայմանագիր էր ստորագրել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կողմերը համաձայնեցրել էին` փոխայցելությունների կարգով, առանձին մարզիկներ և թիմեր գործուղել Հայաստան և Բելառուս, պայմանով, որ ծախսերը կկատարի հյուրընկալող երկրի օլիմպիական կոմիտեն:
Եվ ահա, hունվարի 26 –ին Հայաստան կժամանի Բելառուսի դահուկային սպորտի ազգային հավաքականը, որը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Սա փաստորեն նախապատրաստական վերջին փուլը կլինի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրերին: Ծաղկաձորի նոսր թթվածնային պայմանները կխթանեն Բելառուսի մարզիկներին ծովի մակերևույթին հավասար, թթվածնով հարուստ Սոչիի մրցուղիներում լավ հանդես գալու համար:
Հյուրերին կընդունի և օլիմպիական խաղեր կճանապարհի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
