Ուկրաինայում ցուցարարները գրավել են կառավարության շենքերը

Ուկրաինա, ցույցերՈւրբաթ օրը Ուկրաինայի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են կառավարության շենքերից մեկը, իսկ երկրի արևմտյան հատվածում նրանք իրենց ղեկավարման տակ են վերցրել մի քանի կառավարիչների գրասենյակներ՝ այդ կերպ մեծացնելով ճնշումը կառավարության վրա:

Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպելուց հետո՝ ընդդիմության առաջնորդները ցուցարարներին հայտնել են, որ նախագահը խոստացել է ազատ արձակել ձերբակալվածներին և կասեցնել հետագա ձերբակալությունները: Նրանք ցուցարարներին խնդրել էին հրադադար պահպանել:

Հրադադարը պահպանվել էր, սակայն ուրբաթ առավոտյան ցուցարարները առանց դիմադրության ներխուժել էին գյուղատնտեսության նախարարության շենք:

Ցուցարարները նախարարության աշխատակիցներին թույլատրել են վերցնել իրենց իրերը, սակայն թույլ չեն տվել շենքում աշխատել:

Հինգշաբթի օրը մի շարք արևմտյան շրջաններում ցուցարարները գրավել են նաև կառավարիչների գրասենյակները:

Լվովում, ակտիվիստները գրավելով շրջանային կառավարչի գրասենյակը, ստիպել են նրան հրաժարականի նամակ ստորագրել և չեն թույլատրել աշխատակիցներին մտնել շենք:

Յանուկովիչը հաջորդ շաբաթ խորհրդարանի արտակարգ նիստ է հրավիրել՝ իրավիճակը քննարկելու համար:

Ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ ոստիկանությունը գործողություններ չի ձեռնարկի Ազատության հրապարակում՝ Մայդանում գտնվող ցուցարարների ճամբարի դեմ՝ կոչ անելով ոստիկանությանը չարձագանքել սադրանքներին:

 Անկախ

Tags: , ,