«Մեր բանակը պատրաստ է պատերազմի` չնայած դրա հավանականությունն այսօր փոքր է». Ս. Օհանյան

Սեյրան ՕհանյանԱյսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ամեն վայրկյան պետք է սպասել պատերազմի` միաժամանակ նշելով, որ այսօրվա դրությամբ պատերազմի վերսկսման հավանականությունը շատ փոքր է:

«Իմ ծառայակից ընկերների, զինծառայողների հետ մենք միշտ էլ դրան ենք պատրաստվում և այսօր էլ պատրաստ ենք»,-նշեց նա:

Խոսելով Տավուշի մարզում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիոն գործողության մասին` նախարարն ասաց, որ լարվածություն շփման գծում տեղի է ունենում սովորաբար այս կամ այն  իրադարձությունների շրջանակներում` քաղաքական, բանակցային և այլն: «Այս լարվածությունը պայմանավորված էր նաև իրենց կողմից ասված «սև հունվարով»` չհասկանալով, որ հենց այդ նույն հունվար ամսին  և դրանից առաջ ու հետո սև օրեր և ցեղասպանություն է իրականացվել հենց հայ ժողովրդի նկատմամբ` Բաքվում, Սումգայիթում և այլուր»:

Ըստ նախարարի` ադրբեջանական կողմն այդ օրերին փորձում է սադրանքներ իրականացնել, որոնց արժանի հակահարված ստանալուց և մեծ կորուստներ կրելուց հետո, ինչպես նաև մտավախություն ունենալով, որ ղարաբաղյան ուժերը կարող են պատժել, լարվածության, խուճապի մեջ է հայտնվում, ինչն արտահայտվում է անկանոն կրակոցներով:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք շփման գոտում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատվությունը չի՞ ընկնում նաև Մինսկի խմբի համանախագահողնրեի վրա, որոնք մշտապես հանդես են գալիս համահարթեցնող հայտարարություններով, նախարարը պատասխանեց, որ Մինսկի խմբի համանախագահությունը փորձում է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, որպեսզի լարվածությունը ոչ թե բարձրացնի, այլ հանդարտեցնի:

Խոսելով վերջին դիվերսիոն գործողության հետևանքով արիաբար զոհված հայ սերժանտի մասին` նա ևս մեկ անգամ նշեց, որ հպարտ է նման զինվորներով և  նրանց ծնողներով, որ հերոս զավակներ են լույս աշխարհ բերել, ինչպես նաև հայ հրամանատարներով, որ սովորեցնում են պատերազմի արվեստին տիրապետելու հմտությհունները: «Հպարտ եմ ու կարող եմ բարձրաձայն ասել, որ մեր մարտական ոգին անպարտելի է»:

Վերջին օրերին հյուսիսարևելյան սահմանագծին տիրող լարված իրավիճակի վերաբերյալ (մասնավորապես երեկ երեկոյան խաղաղ բնակչության ուղղությամբ իրականացված ինտենսիվ կրակոցների հետևանքով 16-ամյա աղջկա վիրավորման փաստը) Անկախ-ը հետաքրքրվեց, թե ինչպես է նախարարը գնահատում սահմանային գոտու բնակիչների անվտանգությունը: «Առաջին անգամ չէ, որ կրակոցները բավականին շատացել են, բայց դրանց մեծ մասը անկանոն են: Մենք բնակիչների շրջանում լուրջ աշխատանք ենք տանում սահմանային բնակավայրերի ապահովման տեսանկյունից և համարժեք քայլերով: Նաև շատ ժամանակ ստիպված ենք լինում նրանց զինվորական ղեկավարության վրա ազդել քաղաքացիական անձանց միջոցով, որովհետև նրանք մեր պատասխաններով չեն հասկանում, որ պետք է դադարեցնել և սահմանային բնակավայրերի խաղաղ բնակչության վրա չկրակել»:

Նախարարը հավաստիացնում է` իրադրությունը վերահսկելի է, և բնակչությանը վտանգ չի սպառնում:

Ներկայացնելով Պաշտպանության նախարարության  նախորդ տարվա գործունեությունը` նախարարը նշեց, որ 2013-ը ընդհանուր առմամբ եղել է ձեռքբերումների տարի, իսկ 2014-ը հայտարարվել է փողոցային բարքերի դեմ պայքարի տարի` այդ պայքարում օգնություն ակնկալելով նաև երկու կարևոր օղակների` դպրոցներին և բուհ-երին, ինչպես նաև բոլոր ծնողներին:

Բանակը մեր տունն է, մեր ամրոցը, որտեղ բոլորը պետք է հասկանան, որ պետք է ապրեն բոլորի համար միևնույն օրենքներով, իսկ ով չցանկանա ապրել այդ բերդ-ամրոցի օրենքներով, դատապարտված է այլ բերդում` քրեակատարողական հիմնարկում` այնտեղի օրենքներով ապրելու: Այս սկզբունքին այս տարի առավել խիստ են մոտենալու:

«Մեր վերջնանպատակը պետք է լինի Ազգային բանակի լիակատար ձևավորումը, որը կլինի մեր ազգային գաղափարների կրողը»,-ասաց նախարարը:

 

Անկախ

Tags: , , ,