Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա եկել էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության անձնակազմին ներկայացնելու նոր ոստիկանապետի Վարդան Նադարյանին:
Պատասխանելով լրագրողների հարցերին Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Իմ այցի նպատակն է ներկայացնել նոր տարածքային ոստիկանության պետին՝ գնդապետ Նադարյանին, որն արդեն իրականացրեցինք: Միանշանակ հայտարարում եմ՝ իմ կադրային փոփոխությունները դիտել միայն բարեփոխումների ընդհանուր կոնտեքստում»: Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերում Շիրակի արդեն նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի աշխատանքին, կարողացա՞վ անել այն, ինչի հույսն ուներ ինքը ոստիկանապետը, ասաց. «Մասնագիտական բացահայտումների առումով բավարար եմ գնահատում: Բայց բավարար չեմ գնահատում, որ անձնակազմը չկարողացավ իր պետին սատարել քաղաքացի-ոստիկան հարաբերություններն ըստ պատշաճի հասցնելու հարցում»:
Հարցին, թե Կարեն Բաբակեխյանի պաշտոնազրկումը կապվա՞ծ է Վարդան Ղուկասյանի որդու` հունվարի 21-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ սպառնալիքներ հնչեցնելու հետ, ինչպես գրում է մամուլը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ պարոն Վարդան Ղուկասյանը կամ նրա որդին պետք է հանդիսանան այն անձինք, որի համար ես ոստիկանապետ փոխեմ: Էտի շատ չի՞»:
