Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Տարոն Մարգարյան, դեսպան Կուրբաննազար ՆազարովԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուրբաննազար Նազարովի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հյուրին ներկայացնելով քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ Տարոն Մարգարյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ. «Մենք իրականում շատ անելիքներ ունենք կատարելու Երևանի և Թուրքմենստանի քաղաքների միջև գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Ցավոք, երկու պետությունների քաղաքների միջև այսօր փոխգործակցություն  չկա և, ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը երկուստեք  գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կուրբաննազար Նազարովն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Թուրքմենստանի քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն. «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է դեսպանը:

Անկախ

 

Tags: , , ,