Քվեբեկի տարեցների բնակարան համալիրում բռնկված հրդեհից զոհվել է 5 մարդ, 30-ը անհետ կորած են համարվում

Քվեբեկի տարեցների բնակարան Ոստիկանության տեղեկություններով՝ հինգշաբթի օրը Կանադայի Քվեբեկ քաղաքի մոտակայքում գտնվող Լիսլ Վերտ փոքրիկ քաղաքի տարեցների բնակարան համալիրի հրդեհվելու հետևանքով զոհվել է հինգ մարդ, 30 մարդ անհետ կորած է համարվում:

Ցուրտ եղանակը դժվարացրել է որոնողական աշխատանքները, իսկ հրդեհի դեմ պայքարելու համար օգտագործվող ջուրը շենքի մնացորդների վրա սառույցի է վերածվել՝ իր տակ թողնելով հնարավոր զոհերին:

Ոստիկանությունը ենթադրում է, որ անհետ կորածներից ոմանք հնարավոր է շենքի այրված և սառած մնացորդների տակ գտնվեն:

Շուրջ 20 մարդ կարողացել է փրկվել, ոմանք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուսները գտնվում են մոտակա դպրոցի շենքում:

Իշխանությունները դեռևս փորձում են պարզել, թե հրդեհի սկսելու պահին քանի մարդ է շենքում գտնվել:

Environment Canada-ի տեղեկություններով այդ շրջանում ջերմաստիճանը -22C է եղել:

Tags: ,