Իրավական աջակցություն կցուցաբերվի հետապնդվողներին

շանթ հիմնադրամ«Հայաստանում կա 15 քաղբանտարկյալ. Շանթն ու իր ընկերները և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Նրանք ընտանիքներ ունեն, անչափահաս երեխաներ, ովքեր բարոյական և նյութական աջակցության կարիք ունեն»,-երեկ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայարապետյանը:

Ստեղծվել է «Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը` աջակցելու Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդվողների ընտանիքներին: Հիմնադրամի նպատակն է իրավական աջակցություն ցուցաբերել հետապնդվողներին և սոցիալական, առողջապահական, ֆինանսական ծրագրեր իրականացնել նրանց ընտանիքների համար: Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգելու է հոգաբարձուների խորհուրդը:

Հիմնադրամի հոգաբարձու Էդուարդ Զորիկյանի համոզմամբ պետք է օգնել այն մարդկանց ընտանիքներին, ովքեր այսօր պայքարում են մեր բոլորիս ազատության եւ Հանրապետության լիակատար անկախության համար:
Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է` «Հայաստանում հաճախ խաղաղ ցույցերը, քաղաքացիների ինքնաարտահայտման բողոքի սահմանադրական դրսևորումները ավարտվում են ձերբակալություններով, վարչական տույժերով և ազատազրկմամբ: Այսօր ՀՀ–ում մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ կան»:
Բարեգործական հիմնադրամին աջակցել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել առցանց կամ այցելելով բանկեր: Հիմնադրամի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով՝www.shantfoundation.org :

Հայ հասարակության մեջ տպավորվել է` 2013թ. նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն Ոստիկանությունը թույլ չտվեց նրանց շարունակել երթը, ինչի հետևանքով բախումներ տեղի ունեցան, ձերբակալվեց ավելի քան 30 մարդ, այդ թվում և Շանթ Հարությունյանը։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: , ,