Շները որոնում են հանգուցյալ պապի արյան հետքերը պարունակող գողացված մասունքը

Հովհաննես Պողոս IIԻտալիայի Աբրուցո շրջանի Սան Պետրո դելա Իենցա եկեղեցու շրջակայքում տասնյակ ոստիկաններ վարժեցված շների օգնությամբ փնտրում են հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս II-ի արյան հետքերը պարունակող գողացված մասունքը:

Ոստիկանության տեղեկություններով՝ մասունքը, հասարակ մի խաչի հետ գողացվել է շաբաթ օրը գիշերը փոքրիկ, քարե եկեղեցուց:

Լ’Ակվիլա քաղաքի մոտակայքում գտնվող եկեղեցին հարազատ վայր էր պապ Հովհաննես Պողոս II-ի համար, որը իր պապ լինելու ընթացքում այստեղ այցելել է ավելի քան 100 անգամ: Այժմ այս տարածքը դարձել է մարդկանց ուխտագնացության վայր:

Մասունքը իրենից ներկայացնում է Սուրբ Պետրոսի հրապարակում 1980թ-ին պապի վրա մահափորձ կատարելու ժամանակ նրա արյան հետքերը պարունակող կտոր, այն նմանատիպ երեք մասունքներից մեկն է: Մասունքը 2011թ-ին Լ’Ակվիլային նվիրել է պապի անձնական քարտուղարը՝ այս շրջանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո:

Այս մասունքի նման առարկաները, որոնք հատուկ խորհրդանշական արժեք ունեն, սովորաբար գողացվելուց հետո վաճառվում են կրոնական առարկաների ծաղկող առևտրի շրջանակներում:

Դեպքի կապակցությամբ քրեական հետաքննություն է սկսվել:

Վատիկանը հայտարարել է, որ Հովհաննես Պողոս II պապը և Հովհաննես XXIII պապը ապրիլի 27-ին կդասվեն սրբերի շարքը: Նախատեսվում է, որ միլիոնավոր հավատացյալներ կայցելեն Հռոմ արարողությանը մասնակցելու համար:

 Անկախ

Tags: , , , ,