Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում եղբորը կորցրած եւ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտոնը բարձրացրել են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա հայրը՝ Էմիլ Բուդաղյանն ասաց, որ ԼՂՀ-ում գնդի հրամանատար Արտակ Բուդաղյանը երկու օր առաջ նշանակվել է Եղեգնաձորում կորպուսի հրամանատարի տեղակալ։ Գնդապետը դեռ ԼՂՀ-ում է, չի անցել նոր աշխատանքին։
Որդու առաջընթացը հորը քիչ է ուրախացրել, ինչպես ինքը ասաց՝ ուրախանալու ոչինչ չունի։ Հարցին, թե հնարավոր է այս պաշտոնի բարձրացումը պայմանավորված է հայտնի միջադեպով,փորձում են փոխհատուցել կամ մեղմել ձեր զայրույթը, Էմիլ Բուդաղյանն պատասխանեց, որ արդեն ժամանակն էր նրա առաջխաղացման։ «Ակադեմիան ավարտած, տարիների աշխատանքի փորձով, առաջ են տանում էլի, դա ոչ մի կապ չունի նեղացվածության եւ այս դեպքի հետ, պետք լինի այս գործից կհրաժարվի»,- ասաց Արտակ Բուդաղյանի հայրը։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունել է Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Tags: Արտակ Բուդաղյան, սյունիք, Սուրեն Խաչատրյան