«Իմ ամենամեծ երջանկություններն անցյալում են» Տիգրան Մանսուրյան
1939թ հունվարի 27-ին Բեյրութում ծնվեց հանրահայտ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: «Նարեկացի» արվեստի միությունում այսօր տեղի ունեցավ մեծն կոմպոզիտորի 75-ամյակին նվիրված ‹‹Հնչյունի տարածություն›› ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նկարահանվել է ‹‹Արվեստակիրներ›› փաստավավերագրական ֆիլմաշարի շրջանակում: Նախագիծը՝ Armenian Vector հիմնադրամի` արտադրությունը՝ Sharm Holding-ի, ռեժիսորն է` Վահե Յանը:
Սցենարի հեղինակ Սոնա Ալեքսանյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ մեր կողքին ապրող, մեր ժամանակակից, տաղանդավոր կոմպոզիտորի մասին շատ են ցանկացել ֆիլմ նկարահանել.
‹‹Ֆիլմում չկան անծանոթներ, դերասաններ, ամբողջ ֆիլմը կառուցված է մաեստրոի մտորումների վրա: Իբրեւ անհատ թույլ է տվել մոտենալ իրեն եւ փոքր-ինչ ճանաչելի լինել: Ֆիլմը խիտ է էմոցիաներով, ավելին հարկարվոր չէր››:
Սցենարիստի խոսքով մաեստրոն շատ կիրթ եւ լուրջ մարդ է, նա տեղեկանալով, որ ցանկանում են իր մասին ֆիլմ նկարել, շատ զարմացավ եւ գլխում ծագեց ընդամենը մեկ հարց` ինչու.
«Նկարահանումների ժամանակ կոմպոզիտորին շատ ենք չարչարել: Փորձել ենք նրան դարձնել ավելի ճանաչելի ու հասանելի հանրությանը: Նրան պարզապես մոտենալն անգամ մեծ պատասխանատվություն է, իսկ գերազանցությունն էլ նրանում, որ թույլ տվեց իրեն մոտենալ: Նա ցույց չէր տալիս, թե ինչքան մեծ մարդու հետ գործ ունենք, թեպետ մենք գիտեինք»:
Սոնա Ալեքսանյանի համոզմամբ դա մաեստրոյի շնորհքն էր, որ կարողացան իր հետ աշխատել, այլ ոչ թե իրենց: Մաեստրոն արեւ էր, նրանից բխում էր ջերմություն անգամ հազարավոր կիլոմետրեր հեռու: Ստեղծագործական խումբը չարչարում էր իրեն, բայց նա հնազանդ էր ամեն հարցում, նա նրբագույն անձնավորություն էր, սակավախոս, բայց տեղին ասող: Մաեստրոն այժմ ԱՄՆ-ում է, սցենարիստն անհամբեր սպասում է նրա գալուստին, որպեսզի գոնե մեկ անգամ թեյ խմի, վայելի կոմպոզիտորի ներկայությունն ու խոսի ֆիլմի մասին: Ֆիլմը դիտելուց հետո մաեստրոն գոհ էր մնացել: Նկարահանումներն ավարտել են աշնանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Մանսուրյանը 1947թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: 1956-60թթ սովորել է Երեւանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1960-65թթ’ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում: 1967թ. ավարտել է նաև ասպիրանտուրան։ Գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: Գրել է ֆիլմերի համար բազմաթիվ երաժշտություններ’ «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք» և այլն:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Սոնա Ալեքսանյան, Տիգրան Մանսուրյան
