«Երրորդ անգամ ես կանցնեմ պատժի միջոցների». Սամվել Բալասանյանը ոստիկանություն չդիմելու մասին

սամվել բալասանյանarchive2.ankakh.com-ը տեղեկացրել էր, որ ըստ տեղեկությունների, հունվարի 21-ին` երեկոյան, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ գնացել է Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ, սպառնալիքներ հնչեցրել: Ներկայացրել ենք նաև ոստիկանության ու անձամբ ոստիկանապետի արձագանքն այդ միջադեպին: Նաև նշել էինք, որ Սամվել Բալասանյանը ոստիկանություն չի դիմել: Այսօր գյումրեցի լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին` ինչն էր լռելու պատճառը, հատկապես, որ սա առաջին անգամը չէ, երբ քաղաքապետի դեմ նմանատիպ քայլեր են արվում: Գյումրիում Սամվել Բալասանյանին նաև դիտողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Այս բոլորի մասին Բալասանյանն ուներ այսպիսի պատասխան. “Երևի լավ չմեկնաբանվեց. Դեպքը տեղի էր ունեցել մոտավորապես ժամը 19-ին, իսկ ես այդ ժամանակ գտնվել եմ ինքնաթիռում: Բնականաբար, ես չէի կարող ականատես լինել, իսկ իմ տանն այդ ժամանակ որևէ մեկը չկար, որ ինձ գոնե պատմեր: Ինչ-որ ականատեսներ եղել են, բոլորն էլ, ինձ թվում է, ցուցմունք տվել են: Այսօր քաղաքը լուրջ առաջընթաց ունի և չէի ուզենա, որպեսզի նոր գողական պիտակներ լինեին: Մեր քաղաքում չկա կրիմինալ, կա օրենք, և բոլորս պետք է ենթարկվենք օրենքին` սկսած ինձանից”:

Իսկ ինչու Սամվել Բալասանյանն այդ պահին այս ամենով չհակադարձեց ոստիկանապետին, քաղաքապետն ասում է. “Այդ պահին մարդը ելույթ էր ունենում և ինձ խոսք տրված չէր, որ ես հակադարձեի: Վիճել, հակադարձել, ինչ-որ երևույթներ սարքել` տրամաբանական չէ մեր քաղաքի համար: Գիտեք, ինչքան նման երևույթներ են լինում, այնքան մեր բնակչության տրամադրությունն ընկնում է: Երբ ես լրատվամիջոցներից տեղեկացա, որ այդպիսի դեպք է պատահել, ես ուղղակի ասացի` սադրանքներին պետք չէ ուշադրություն դարձնել, ես նորից իմ գործն եմ անելու, քաղաքն եմ կառուցելու, որևէ տեղ չեմ գնալու”:

Այնուհետ քաղաքապետն ավելացնում է. “Ինձ համար շատ վիրավորական է, որ ես գնում եմ ԱՄՆ, իմ արձակուրդի փոխարեն աշխատանքային լուրջ խորհրդակցություններ եմ ունենում, հանդիպումներ, փորձում եմ համոզել մարդկանց գալ Գյումրիում ներդրումներ անել, ես երաշխավոր եմ կանգնում, ասում, որ փոխվել է ամեն ինչ, հնարավորություն կա այստեղ բիզնես ունենալ… և նմանատիպ դեպք է տեղի ունենում: Բնականաբար այդ վստահությունը ինչ-որ տեղ փլուզվեց”:

Հիշեցնենք, որ ոստիկանությունում միջադեպի առումով հարուցվել է քրեական գործ` մամուլի հրապարակումների հիման վրա, իսկ Սամվել Բալասանյանը հայտարարեց. “Հիմա համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցերով, եթե այս անգամ էլ նորմալ չզբաղվեցին, կամ ինչ-որ տեղ դա իրականությանը չհամապատասխանեց, բնականաբար, երրորդ անգամ ես խիստ կպատժեմ արդեն: Ես կանցնեմ պատժի միջոցների, ոչ մեկը չկասկածի իմ պատժի վրա, որովհետև ես երբեք Գյումրիի թասիբը չեմ գցի”:

Մարիամ Խալաթյան

Tags: , ,