Մարտ ամսին էլեկտրոնային գիրքն անվճար հասանելի կլինի բոլորին

 էլեկտրոնային գիրքԳիրք կարդալ սիրում են շատերը, ոմանք նույնիսկ չափից շատ: Այն զարգացնում է մարդու մտածելակերպը, երբեմն փոխում աշխարհի մասին պատկերացումներն ու նպաստում ուղեղի երեւակայության զարգացմանը, գիրքը արեւ է, եթե նրան անտեսես, նա կդառնա խավար ու չի լուսավորի ճանապարհդ: Այն կարեւոր է ուղեղի նյարդերի զարգացման ու ակտիվության համար:

«Հայկական վիրտուալ համալսարանը Հայաստանում օնլայն ուսուցման միակ կենտրոնն է : Մարտ ամսին կթողարկվի «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքը, որն անվճար հասանելի կլինի մոբայլ սարքերով և համակարգիչներով՝ 7 լեզուներով»,- այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը:

«Հայկական լեռնաշխարհը» Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հայկական մշակույթը և պատմությունը ներկայացնող էլեկտրոնային գրքերի նորարարական շարքի առաջին գիրքն է:

Պրն. Զորյանի խոսքով այդ գրքերի շարքի միջոցով ՀՎՀ-ն ընդլայնում է իր վիտուալ լսարաններում ընդգրկված շուրջ 3000 միջազգային  ուսանողների շրջանակը.

«Էլ-գրքերի բովանդակությունը ստեղծվում է հայագիտության, մանկավարժության և տեխնոլոգիական մասնագետների կողմից, որոնք ներկայացնում են ոչ միայն Երևանի պետական համալսարանը, այլև Ամերիկայի Սթենֆորդի և Բերքլիի համալսարանները»:

«Հայկական լեռնաշխարհը» էլեկտրոնային գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի մշակույթը, շրջակա միջավայրը և տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով և տեսանյութերով: Ընթերցողներին հնարավորություն է տրվում հարցաշարերի միջոցով գնահատել սեփական առաջընթացը, առանձնացնել ժամանակաշրջանի կարևորագույն իրադարձությունները և ծանոթանալ հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին: ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքին բաժանորդագրությունն անվճար է լինելու և մի քանի վայրկյանում հասանելի: 2014թ. մարտին iBook տարբերակը հասանելի կլինի iPad-երի և Mac համակարգիչների, իսկ բրաուզեր տարբերակը՝ մոբայլ այլ գործիքների և համակարգիչների համար: Էլ-գրքերը հասանելի կլինեն 7  լեզուներով՝ արևելահայերեն/արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: , ,