Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադարձավ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած այցին ու հայտարարություններին: Ըստ նրա՝ մինչև Օլանդի Թուրքիա կատարած այցը, այդ երկրում ակնկալում էին, թե այցն առնվազն երեք կետով օգտակար կլինի Թուրքիային: Մասնավորապես ակնկալում էին, որ Ֆրանսիան կաջակցի իրենց ԵՄ անդամակցության հարցում, ինչպես նաև պրոթուրքական դիրքորոշում կարտահայտի թուրք-հայկական հարաբերությունների մասին և, ի վերջո, կնպաստի թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների բարելավմանը: «Առնվազն երկու կետով թուրքերի ակնկալիքները չարդարացան: Օլանդը պրոհայկական դիրքորոշում ցույց տվեց, ինչպես նաև որևէ զիջում չներկայացրեց Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում», – ասաց թուրքագետը՝ չհերքելով, որ խորքում Օլանդի հայտարարությունը կարող է ուղղված լինել նաև սեփական վարկանիշի բարձրացմանը, քանի որ Ֆրանսիայում հայկական համայնքը շատ ազդեցիկ է և կարող է նպաստել Օլանդի՝ այս պահին բավական ընկած վարկանիշի բարձրացմանը:
Այնուամենայնիվ Օլանդի հայտարարությունը, թե Թուրքիան պետք է առերեսվի պատմությանը, տեսանելի ազդեցություն ունեցավ: Ըստ Անդրանիկ Իսպիրյանի՝ հայտարարությունը իջեցրեց թուրքերի մերժողական հռետորաբանությունը, որը վերջին շրջանում շատ էր տարածվել: Դա նկատվեց նաև Գյուլի հայտարարության տեքստում, որին Անդրանիկ Իսպիրյանը տվեց «հուսահատական» բնորոշումը:
Tags: Անդրանիկ Իսպիրյան, Գյուլ, թուրք-հայկական, թուրքիա, Ֆրանսուա Օլանդ