Թուրքիայում քրդական շարժման առաջնորդ Աբդուլահ Օջալանն Իմրալը կղզուց նամակ է հղել հայերին, որտեղ 1915 թվականին տեղի ունեցածն անվանել է ցեղասպանություն՝ կոչ անելով ողջ աշխարհին, ինչպես նաև Թուրքիային, առերեսվել այդ ճշմարտության հետ: Օջալանի նամակը ամբողջությամբ հրապարակվել է «Ակօս»-ում:
Քուրդ առաջնորդը Հայոց ցեղասպանությունն անվանել է թուրքական զզվելի քաղաքականության ամենադաժան դրսևորումներից մեկը: «Չնայած ցեղասպանությանը՝ մեծ հրաշք է, որ հայ ժողովուրդն այս ողբերգության հետ միասին կարողացել է մինչ օրս գոյատևել: Այս հրաշքն, անկասկած, իրականություն դարձավ հայ ժողովուրդի մեծ ջանքերի և պայքարի արդյունքում: Ողջ աշխարհը պետք է առերեսվի հայ ժողովրդի ապրած պատմական իրողությանն ու սգա՝ կիսելով նրանց ցավը: Թուրքիայի Հանրապետությունը ևս չպետք է խուսափի այս հարցին հասուն կերպով մոտենալուց ու առերեսվելուց այս ցավալի պատմության հետ»,-ասված է Օջալանի նամակում:
Tags: Աբդուլահ Օջալան, թուրքիա, Հայոց ցեղասպանություն