Հայտարարվեց ՀՀ եվրապարտատոմսերով բորսայական առևտրի մեկնարկը

պարտատոմսեր2014թ.-ի հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեց ՀՀ Եվրապարտատոմսերով բորսայական առևտրի մեկնարկը Հայաստանում: Արարողությանը ներկա էին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, թողարկել և հաջողությամբ տեղաբաշխել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6.0% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր:

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի և Clearstream Banking Luxemburg-ի միջև ստեղծված կապի միջոցով հնարավոր դարձավ ապահովել ՀՀ եվրապարտատոմսերի շրջանառությունը և վերջնահաշվարկի իրականացումը Հայաստանի ֆինանսական շուկայում, իսկ բորսայական առևտրին թույլատրումը իր հերթին կնպաստի եվրապարտատոմսերի հասանելիության բարձացմանը հայաստանյան ներդրողների շրջանում:

«ՀՀ եվրապարտատոմսերը հանդիսանում են ոչ միայն ևս մի ներդրումային այլընտրանք ՀՀ կապիտալի շուկայում, այլ նաև արտասահմանյան համակարգերում գրանցված առաջին արժեթղթերը, որոնք շրջանառվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ինչը բավականին մեծ նվաճում է և նախադեպ մեր շուկայի համար»,- նշեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, ազդարարելով առաջին գործարքը, նշեց . «Որպես թողարկող, մեզ համար կարևոր է ապահովել եվրապարտատոմսերի գրավչությունն ու իրացվելիությունը, և այսօր տեղական շուկայում պարտատոմսերի կիրառման նոր հնարավորություն է ստեղծվում: Եվրապարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը վկայում է այն մասին, որ մեր թիմի կատարած քայլերն այդ ուղղությամբ հաջողվել են»:

Անկախ

 

 

Tags: ,