Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի վարչապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

5379_bՉեխիայի Հանրապետություն պետական այցի վերջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:

Ինչպես Անկախ-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է պարոն Սոբոտկային՝ ՉՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու և նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Կողմերը հանգամանորեն անդրադարձել են հայ-չեխական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին, հեռանկարային ոլորտներին, երկու երկրներում գործարար և ներդրումային միջավայրի առավելություններին և խնդիրներին: ՀՀ Նախագահը և ՉՀ վարչապետը առևտրատնտեսական հարաբերությունների խորացման գործում մեծապես կարևորել են գործարար համայնքների միջև շփումները: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ է նշվել Պրահայում այսօր կայացած հայ-չեխական գործարար համաժողովը, ՀՀ Նախագահի այցի ընթացքում ստորագրված՝ տնտեսական ոլորտը կանոնակարգող համաձայնագրերը, որոնք, կողմերի համոզմամբ, հիմք են հանդիսանում բազմաթիվ ոլորտներում տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:

5383_bՆախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Նախագահի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով այցը Չեխիայի Հանրապետություն, այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

 

Անկախ

Tags: , ,