«Նախագիծը ժամանցային, ինֆորմացիոն ու ամենակարևորը թեթև երաժշտական է: ՀՊՄՀ-ի առաջին համալսարական ռադիոյի` Ռադիոֆամայի եթերում շուտով կհնչի «Կաթով սուրճ» ժամանցային, չհոգնեցնող հաղորդաշարը»,-Անկախի հետ զրույցում նոր հեղինակային ռադիոհաղորդաշարի մասին նշեց լրագրող Գուրգեն Ալեքյանը:
Նրա խոսքով միտքը վաղուց կար` հյուրեր, քննարկումներ, թեթև ժամանց: Հաղորդումը եթեր կտրվի ամեն ուրբաթ, ամփոփելով շաբաթվա առավել հետաքրքիր ու կարեւոր իրադարձությունները.
«Ռադիոն ուսանողական է` հաղորդումն էլ կլինի երիտասարդական: Կարծում եմ պետք է լսել ճաշակով երաժշտություն ու մոռանալ ծանր օրվա խնդիրների մասին: Նախատեսել եմ ամեն հաղորդման ընթացքում մի հետաքրիր հյուր ունենալ, ով կխոսի ու չի հոգնեցնի: Այս ֆորմատը շատ է տարածված Եվրոպայում` թեթև ժամ, ուղղակի լավ երգ ու հետաքրքիր ինֆո»:
Իսկ թե ինչու «Կաթով սուրճ», լրագրողը մեզ հետ զրույցում նշեց, որ հենց իր ամենասիրելի ըմպելիքներից մեկն է այն, կեսօրին այն շատ արդիական է, ունկնդիրները վայելուն են բարձրորակ երաժշտություն եւ մի թարմ, տաք գավաթ կաթով սուրճ: Ինչ վերաբերում է երաժշտությանը, Գուրգենը պնդեց, որ միանշանակ ռաբիս չի հնչի իր եթերում, դա եթերի երաժշտություն չէ, կլինեն հայկական եւ արտասահմանյան հիթեր ու նոր երգեր, կա պրեմիերա էջ, որտեղ ամեն շաբաթ ներկայացնելու են արտասահմանյան ու հայկական նոր երգեր:
«Միշտ սիրել եմ ռադիոն, սերս ավելի մեծացավ, երբ սկսեցի աշխատել Հանրային ռադիոյում: Ռադիոն միշտ է արդիական` ինձ համար այն ուրիշ աշխարհ է, այստեղ քեզ չեն տեսնում ու պատասխանատվությունն ավելի մեծ է խոսքդ ու ասելիքդ ավելի հստակ ու ճիշտ մատուցելու համար: Սպասումներս մեծ են, առաջին հեղինակային ռադիոնախագիծս է, ուզում եմ ունկնդիրս լսի ու պարզապես սիրի այն, աշխատանքին զուգընթաց` վայելի»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Գուրգեն Ալեքյան, ժամանց, Ռադիոֆամա