Օֆշորային սկանդալի հեղինակին ձերբակալել են

загруженное (4)ՀՀ ոստիկանությանը հաջողվել է պարզել օֆշորային սկանդալում ներգրավված և փախուստի մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի գտնվելու վայրը: Նա գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Վրաց ոստիկանների հետ համագործակցութւան արդյունքում Սուքիասյանը ձերբակալվել է:

Այժմ քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը:

Հիշեցնենք, որ “Հետք” էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ Աշոտ Սուքիասյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է  և իբրև ադամանադագործ՝ միջնորդել է, որպեսզի գործարար Փայլակ Հայրապետյանը «Ամերիա» բանկում գրավադրի իր ողջ ունեցվածքը:

Հայրապետյանի ներդրած գումարներով Սուքիասյանը Աֆրիկայից պետք է ադամանդի հումք ներկրեր Հայաստան, որտեղ 23 գործարարներ պետք է իրենց գործարաններում վերամշակեին: Սակայն Հայրապետյանի գումարները բոլորովին այլ ուղղությամբ էին գնացել` օֆշորում գրանցված մի ընկերության հաշվեհամարի, որը ինչպես գրել էր լրատվական կայքը, պատկանում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, Նավասարդ Կճոյանին և Աշոտ Սուքիասյանին:

Աշոտ Սուքիասյանը ոստիկանության կողմից հետախուզվում էր 2013 թվականի հունվարից: Նրան մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունըչարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:

Դեռևս հետախուզում հայտարարելու ժամանակ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք նաև, որ Աշոտ Սուքիասյանը նամակ էր ուղարկել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պատճենն էլ՝ «Հետքին», որտեղ գրել էր, որ  օֆշորային կազմակերպության` WLISPERA HOLDINGS LIMITED-ի հիմնադիրն ինքն է և ինքն էլ բաժնեմասեր է գնել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:

«Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»,-նշել էր Սուքիասյանը:

 

Անկախ

Tags: , ,