Ո՞ւր է մեր տրամվայը, տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է, իսկ մետրոն` մեռած վիճակում. Արմեն Պողոսյան

տրամվայ«Երևան քաղաքի տրանսպորտի վիճակը կարելի է բնութագրել մեկ բառով ՝ ավերակ, մինչդեռ քաղաքային իշխանությունը՝ ի դեմս ավագանու, խուսափում է մասնակցել հանձնաժողովի բանավեճերին: Հանձնաժողովը նիստեր է անում, բայց այսքան ժամանակ որևէ առաջընթաց չկա: Երեկ էլ է նիստ եղել, և ես մտածված չեմ մասնակցել, որովհետև լուրջ հարցերը թողած անորոշ քննարկումներ են լինում: Հանձնաժողովի արած քայլերը ո՛չ օպերատիվությամբ, ո՛չ խորությամբ բավարար չեն», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա ունի առաջարկների իր փաթեթը, որ հանձնաժողովի նախապես սահմանված աննպատակ օրակարգի պատճառով չի կարողանում ներկայացնել. «Մենք առաջարկում ենք տրանսպերտի կառավարման կազմակերպաիրավական տեսակը փոխել՝ դարձնել բաց բաժնետիրական ընկերություն, ինչպես եվրոպական շատ երկրներում: Կեսով սեփականությունը կպատկանի քաղաքապետարանին, մյուս կեսը կլինեն այսօրվա շահագործողները: Եթե ամբողջ տրանսպորտը կենտրոնացվի, վնասով ու օգուտով աշխատողները կկոմպենսացվեն, շահը կմիջինացվի, որովհետև աշխարհում, օրինակ, չկա մետրո, որ օգուտով աշխատի: Իսկ այդ դեպքում մենք չենք ունենա գինը բարձրացնելու խնդիր, այլ՝ հակառակը»: Արմեն Պողոսյանին վրդովվեցնում է նաև էլեկտրատրանսպորտի վիճակը, ավելի ճիշտ, գրեթե բացակայությունը. «Ո՞ւր է մեր տրամվայը, իսկ տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է: Մեր մետրոն նույնպես մեռած վիճակում է: Երկու վագոնով մետրո չեն շահագործում: Դա ոչ միայն անիմաստ է տնտեսապես, այլ վտանգավոր է»,- ահազանգում է Արմեն Պողոսյանը:

Անկախ

Tags: , , , ,