2013-ին ամուսնությունների թիվը նվազել է, ամուսնալուծություններինը՝ աճել

загруженное (1)2013 թվականին գրանցվել է 18.363 ամուսնություն: 2012 թվականի 19.063 ամուսնության համեմատ 2013-ին ամուսնությունների բացարձակ ցուցանիշը նվազել է 3.7 տոկոսով: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով գրանցված ամուսնությունների դեպքերը կազմել են 6.1 պրոմիլ 2012-ի 6.3 պրոմիլի համեմատ:

Ամուսնություններին զուգահեռ 15.6 տոկոսով աճել են ամուսնալուծության դեպքերը: 2013-ին գրանցվել է ամուսնալուծության 3756 դեպք՝ 2012-ի 3250 դեպքի համեմատ: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը 2013-ին կազմել է 1.2 պրոմիլ 2012-ի 1.1 պրոմիլի համեմատ:

2013-ի ամուսնության և ամուսնալուծության ցուցանիշներին անդրադարձել է ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ժողովրդագրության ցուցանիշների համաձայն` 2013-ին ամուսնությունների ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից բարձր է եղել Վայոց Ձորի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերում:

«2013-ին ամուսնությունների ընդհանուր գործակցի նվազում է արձանագրվել Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում: Ամենացածր ցուցանիշը գրանցել է Տավուշի մարզում, ամուսնության ընդհանուր գործակիցը կազմել է 4.9 պրոմիլ»,- ասել է նա:

Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Լոռու մարզում, ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը կազմել է 2 պրոմիլ հանրապետական 1.2 միջին ցուցանիշի համեմատ:

«Ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը Երևանում կազմել է 1.5 պրոմիլ, Վայոց Ձորում `1.4 պրոմիլ: Մնացած մարզերում ամուսնալուծության ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից ցածր է: Յուրաքանչյուր հազար ամուսնության հաշվով 2013-ին գրանցվել է ամուսնալուծության 205 դեպք 2012-ի 170 ամուսնալուծության դեպի համեմատ»,- նշել է Կարինե Կույումջյանը:

 

Անկախ

Tags: , ,