ԵԽԽՎ պատգամավորներն Անար Մամեդլիի ձերբակալության առնչությամբ հռչակագրով են հանդես եկել՝ կոչ անելով ազատ արձակել նրան

մամեդլի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 30 երկիր ներկայացնող ավելի քան 60 պատգամավոր քաղաքացիական հասարակության հայտնի ակտիվիստ, Ադրբեջանի Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի նախագահ Անար Մամեդլիի ձերբակալության առնչությամբ հռչակագրով են հանդես եկել:

Ինչպես հաղորդում է “Թուրան” գործակալությունը, հռչակագրի տակ ստորագրել են ԵԽԽվ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որը տարածվել է որպես ձմեռային նստաշրջանի մասնակիցների պաշտոնական փաստաթուղթ: Փաստաթղթում նշվում է, որ Մամեդլին քաղաքացիական հանրության հայտնի ակտիվիստ է, որը համագործակցել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ:

Մամեդլիի գլխավորած կազմակերպությունն իրականացրել է 2013թ. հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների մոնիթորինգը, որի վերաբերյալ զեկույցը ընտրական գործըթնացի վերաբերյալ քննադատություն է պարունակել: Նրա գլխավորած կենտրոնը Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի (EPDE) ադամ է, և Մամեդլին ընտրվել է հարթակի վարչության անդամ:

Հռչակագրի հեղինակները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ապահովել Մամեդլիի համար արդար և թափանցիկ իրավական գործընթաց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների լիակատար կիրառմամբ: Բացի այդ՝ ԵԽԽՎ-ի անդամները կոչ են արել Մամեդլիին ազատ արձակել նախքան դատավարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգային “Human Rights Watch” իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Գորգի Գորիան հայտարարել էր, որ Ադրբեջանում ընտրությունների մոնիթորինգի ոլորտում ականավոր մասնագետի ձերբակալությունը վկայում է, որ իշխանությունները մտադիր են “փակել” նրանց բերանը, ովքեր հետաքննում են  ընտրակեղծիքները: Միջազգային “Amnesty International” իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին ճանաչել է քաղբանտարկյալ:

Անար Մամեդլին ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին: Դեկտեմբերի 23-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել եռամսյա կալանաքը: Նա զրկվել էր իր փաստաբանի հետ շփվելու հնարավորությունից, այնուհետև իշխանությունները փորձել են նրան պարտադրել օգտվել իրենց փաստաբանի ծառայություններից: Դեռ հոկտեմբերի վերջին դատախազությունը կենտրոնի նկատմամբ հետաքննություն է սկսել “հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման” մեղադրանքների հոդվածներով:

Անկախ

Tags: , , ,