ՀՀ պետական օրհներքի ներքո մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը: Գրանցված 113 պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը սահմանային միջադեպի ժամանակ արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը գործընկերներին ներկայացրեց ՀՅԴ խմբակցության նոր պատգամավոր Միքայել Մանուկյանին:
Մինչ օրակարգի հաստատումը Հովիկ Աբրահամյանին հարցեր տալու համար հերթագրվեցին պատգամավորներ ՀԱԿ խմբակցության անդամներ Լևոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը:
Զուրաբյանի հարցը վերաբերում էր Կասկադի ՀԷԿ-ի վաճառքին: Ըստ պատգամավորի՝ ՀՀ կառավարության կողմից իրականացված վաճառքը տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումով՝ շրջանցելով Ազգային ժողովը: «Մենք իմանում ենք, որ կառավարությունն ինչ որ գործարք է ստորագրել ամերիկյան ֆիրմաների հետ: Քավ լիցի, մենք որևէ խնդիր չունենք ամերիկյան ընկերություններին որևէ բան վաճառելու հետ, այլ մենք խնդիր ունենք օրենքը շրջանցելու հետ»:
Ըստ Զուրաբյանի՝ խախտվել է մասնավորեցման մասին ՀՀ օրենքը, քանի որ միայն շարժական գույքը կարող է առանց օրենքով սահմանված կարգի վաճառվել: «Ի՞նչ եք պատրաստ անել որպես ԱԺ նախագահ այս առթիվ»,-հարցրեց Զուրաբյանը՝ նշելով, որ դա ոչ միայն Սահմանադրության խախտում է, այլև Ազգային ժողովի հեղինակազրկում:
Հովիկ Աբրահամյանը նախ խորհուրդ տվեց մասնավոր հարցերը չկապել ԱԺ արժանապատվության հետ՝ նկատելով, որ դա արդեն որոշ պատգամավորների մոտ դառնում է ավանդույթ:
«Ես կանդրադառնամ այդ հարցին և կփորձեմ մասնագետների հետ ճշտել. եթե կա նման բան, որ կառավարությունն իր լիազորությունները խախտել է, մենք կանդրադառնանք դրան»,-ասաց նա:
ԱԺ նախագահին հարց ուներ նաև Նիկոլ Փաշինյանը, որը վերաբերում էր նախորդ տարվա դեկտեմբեր ամսին տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին, որոնք պատգամավորը որակեց իբրև խուլիգանություն և փորձեց բուհ-ի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանից ճշտել, թե ինչու մինչ օրս խուլիգանները չեն պատժվել. «Այնպիսի տպավորություն էր, որ տնտեսագիտական համալսարանը ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ, որը ղեկավարում է անձամբ ռեկտորը: Նա տվյալ դեպքում հանդես էր գալիս գլխավոր խուլիգանի դերում»,-ասաց Փաշինյանը:
Հովիկ Աբրահամյանը չհամաձայնեց պատգամավորի հնչեցրած տեսակետների ու գնահատականների հետ՝ կոռեկտության կոչ անելով և նշելով, որ Փաշինյանի մոտ դարձել է սովորույթ մարդկանց մասին վիրավորանքով խոսելով իր վարկանիշը բարձրացնելը:
Այնուամենայնիվ, ԱԺ նախագահը՝ որպես բուհ-ի խորհրդի նախագահ, պատրաստակամություն հայտնեց ընթացք տալ հարցին, և եթե կան մեղավորներ, պատժել: «Սակայն, իմ կարծիքով, դրանք ավելի շատ շինծու գործողւթյուններ էին, որով փորձ էր արվում ստվեր գցել քաղաքապետի պաշտպանությանը»,-նկատեց խորհրդարանի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Եթե նպատակը դա էր, թող Տարոն Մարգարյանին հայհոյեին, ոչ թե լրագրողներին…»:
Tags: Ազգային ժողով, Լևոն Զուրաբյան, Հովիկ Աբրահամյան, նիկոլ փաշինյան
