«Դեմ եմ»-ի երթը` փետրվարի 6-ին

դեմ«Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ փետրվարի 6-ին երթ է տեղի ունենալու: Հայտարարությունում ասվում է. «Ինչպես հայտնի է, սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ հանգեցնելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը:

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ առաջարկում ենք բոլորին փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին միանալ իրավունքի նվաճման երթին: Կոչ ենք անում նաև գործատուներին միանալ մեզ, քանի որ սա բոլորիս խնդիրն է:

Նվաճման երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չստեղծել խառնաշփոթ: Սա վերաբերում է հատկապես ՊԵԿ-ին և ԿԲ-ին: Երթի միջոցով նաև կոչ ենք անելու բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս չփորձեն ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել:

Երթը տեղի է ունենալու հետրյալ կերպ՝

Փետրվարի 6-ին ժ. 12:00-ին հավաքվում ենք Կրթության և Գիտության Նախարարության շենքի մոտ (Վերնիսաժի այգի): Որոշ ժամանակ կոչեր հնչեցնելուց հետո սկսվում է երթը՝ հետևյալ երթուղով՝
Հանրապետության փողոց – Կառավարության շենք – Իտալիայի փողոց – Կենտրոնական բանկ – Քաղաքապետարան – Խորենացու փողոց – ՊԵԿ

Համոզված ենք, որ այս բողոքի ակցիան ունենալու է իր ազդեցությունը: Կոչ ենք անում բոլորին անտարբեր չլինել և դուրս գալ փողոց:

Նվաճենք մեր իրավունքը»:

Անկախ

Tags: , ,