“Սիրիական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվում արտաքին ուժերի ներգրավվածության պատճառով” Արմեն Պետրոսյան

Ժնև-2Երկար սպասված “Ժնև-2″ համաժողովն ավարտվեց: Թե՛ մասնակից կողմերի, թե՛ կազմակերպիչների հայտարարությունները բանակցությունների շարունակության վերաբերյալ վկայում են այն մասին, որ նրանց լավագույն ակնկալիքներն արդարացել են: Այն, որ մեկնարկեց շարունակական բանակցային գործընթաց,  “Ժնև-2″-ի կարևոր ձեռբերումն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով  “Ժնև-2″-ի արդյուքնները՝ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Արաբագետի խոսքով՝ բանակցությունների ընթացքում որոշակի արդյունք չարձանագրվեց, քանի որ կողմերը մինչև վերջ մնացին սեփական դիրքորոշմանը և որևէ փոխզիջման պատրաստակամություն չհայտնեցին: Սակայն, ըստ նրա, կան որոշակի հարցեր, որոնց շուրջ սիրիացի ժողովրդի ճակատագրով մտահոգ ցանկացած ուժ՝ լինի կառավարական, թե ընդդիմադիր, պարտավոր է համաձայնության գալ:

“Այսօր  սիրիացիները կանգնած են լուրջ հումանիստական ճգնաժամի առջև: Սա չարձանագրելն ուղղակի պարտություն է: Չարձանագրել այն, որ այսօր Սիրիայի տարածքում գոյություն ունի երրորդ ուժ, որը միջազգային ահաբեկչությունն է՝ իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունները, և սրա դեմ պայքարի միջոցների շուրջ չբանակցել, բանակցային գործընթացի մասնակից կողմերի համար լուրջ պարտություն է: Սիրիական ընդդիմությունը չընդառաջեց ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցչի առաջարկին, այն է՝ համաձայնության գալ հումանիտար ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպման հարցի շուրջ: Այս խնդիրները փաստում են, որ սիրիական ընդդիմությունը որոշ չափով զիջեց իր դիրքերը”,- ասաց Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին ուժերը փաստում են, որ միայն Բաշար ալ Ասադի հեռացմամբ սիրիական ճգնաժամը չի կարգավորվի, հաջողություն չի ունենա նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

Ըստ արաբագետի՝ սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ դրական առաջընթաց դժվար է տեղի ունենում, քանի որ այստեղ արտաքին ուժեր կան ներգրավված: Բնականաբար, նրանք հենց այնպես չեն ներգրավվել, նրանցից յուրաքանչյուրն ունի այս հարցում իր շահը:

“Մինչ սիրիական հակամարտության կարգավորման հարցի բանակցային փուլ մտնելը նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր ռազմական ճանապարհով իր շահն առաջ տանել: Իսկ հիմա հարցը մտել է բանակցային փուլ, այն նույն խաղացողները դարձյալ շարունակելու են մնալ իրենց դիրքորոշմանը և այլ եղանակներով են փորձելու հասնել առավելագույն արդյունքի՝ դարձյալ իրենց շահը աջառ տանելով”,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Անկախ

 

Tags: ,