ԱԺ իշխանական և ոչ իշխանական ուժերը կրկին բախվեցին

imagesՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ առաջարկով՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը փոփոխելու վերաբերյալ՝ հանրապետականների թիվը երկուսից դարձնելով հինգ: Դա բուռն հակազդեցության արժանացավ ոչ իշխանական խմբակցությունների կողմից:

Ըստ առաջարկվող փոփոխության, հաշվիչ հանձնաժողովը պետք է ունենա 11 անդամ, որից 5-ը՝ ՀՀԿ, 2-ը՝ ԲՀԿ, մեկական էլ՝ մյուս խմբակցություններ:

Հիշեցնենք, որ գազային համաձայնագրերի վավերացման ժամանակ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական ներկայացուցիչները չմասնակցեցին հաշվարկման գործընթացին, և ԱԺ մեծամասնությունը ստիպված եղավ ձեռքով կազմակերպել քվեարկությունը:

ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները հայտարարեցին, որ հաշվիչ հանձնաժողովը չի վավերացրել գազային համաձայնագրերը:

Այսօր այդ մասին խորհրդարանում հիշեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ այդ օրը խափանվել է հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը, հետևաբար հանձնաժողովի զեկույցը չի կարող իրավական հիմք ունենալ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ գազային համաձայնագրերը չեն վավերացվել:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ նկատեց. «Օրը ցերեկով մարդկանց քարտերը կտանեն, իսկ Դուք դա հանրապետականների կողմից աշխատանքների խափանում եք համարում: Ոչ մի խափանում էլ չի եղել»:

ՕԵԿ-ը քսան րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի բոլորը հասկանան ինչն ինչոց է:

Ընդմիջումից հետո Գալուստ Սահակյանն առաջարկեց հարցի քվերակությունը հետաձգել, որպեսզի այն քննարկվի խմբակցությունների հետ: Սակայն Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք ցանկացած դեպքում չեն քվեարկելու: Նրան միացավ նաև Նաիրա Զոհրաբյանը, ապա Լևոն Զուրաբյանն ու Ռուբեն Հակոբյանը:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ոչ իշխանական խմբակցությունների նպատակն է խաթարել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և ճնշել մեծամասնությանը, սակայն դա նրանց չի հաջողվելու:

Գալուստ Սահակայանի առաջարկը դրվեց քվեարկության և ընդունվեց 67 կողմ ձայնով: Երբ ԱԺ նախագահն առաջարկեց քվերակության դնել նաև փոքրամասնության առաջարկը, որն է՝ հաշվիչ հանձնաժողովում անդամների թիվը նույնը թողնել, ոչ իշխանական խմբակցությունները հերթով հրաժարվեցին՝ համարելով դա անիմաստ:

ՀԱԿ-ը տեղի ունեցածը գնահատեց՝ որպես Ազգային ժողովում ապօրինությունների մեխանիզմ ստեղծելու փորձ: «ՀԱԿ-ը չի ուղարկի իր անդամներից որևէ մեկին հաշվիչ հանձնաժողով»,-հայտարարեց նա:

Տեղից այդ ամենին փորձեց գնահատական տալ Նկոլ Փաշինյանը, որին Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց չքայքայել ներվերը: Փաշինյանն էլ, թե՝ Ձեր ներվերն ենք քայքայում, ոչ թե մերը: «Փորձում եք, բայց չի ստացվում»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

 

Անկախ

Tags: , , , ,