Որոշ թռչնատեսակների անօրինական որսագողության և վաճառքի վտանգ է սպառնում

որսագողությունԽոսրովի արգելոցում որսագողության լուրջ խնդիր կա, որոշ թռչնատեսակներ պաշտպանված չեն, այդ թվում` սև անգղը, գանգրափետուր հավալուսինը, որը գրանցված է միջազգային Կարմիր գրքում, մոխրագույն կռունկը, որը բնակվում է Արփի լճի տարածքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունները հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:

Մասնագետի պնդմամբ` այսօր Հայաստանի 80 %-ը ենթակա է անապատացման: Դա նշանակում է, որ թռչունների որոշ տեսակների կփոխարինեն այնպիսիները, որոնք սովոր են անապատային միջավայրին, ինչը կարող է շատ լուրջ խնդիր դառնալ Հայաստանի համար:

Վերադառնալով որսագողության հարցին` բանախոսը նշեց, որ իրենց հավաստի տվյալներով` Մեղրիի շրջանում թռչունների անօրինական որս և վաճառք է կատարվում:

Սիլվա Ադամյանի խոսքով` շատ ավելի ծանր է Թեղուտի անտառներում բնակվող թռչունների ճակատագիրը: Իրենք հաշվարկել են, թե ինչպիսի՞ թռչունների կորուստ կլինի, եթե Թեղուտի հանքավայրը շահագործվի:

«Մենք նաև ջրաճահճային հանդակների լուրջ խնդիր ունենք: Կորստի վտանգի առաջ են կանգնած Արարատյան դաշտավայրի ջրաճահճային հանդակները: Եթե այդ հանդակները կորցնենք, թռչունների լուրջ կորուստ կունենանք»,- ասաց մասնագետը:

Անկախ

 

Tags: , , ,