Մագելի քարանձավը զբոսաշրջային կենտրոնի վերածելու դեպքում տեղի կենսաբազմազանությունն ուղղակի կվերանա

քարանձավներՄարդկանց և պետական օղակների անտարբերության պատճառով օրեցօր ոչնչանում են Հայաստանի քարանձավների, մասնավորապես Վայոց Ձորում գտնվող Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավների յուրահատուկ բնական էկոհամակարգերը՝ վտանգելով դրանց գոյությունը:

Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստանում զբոսաշրջությունը խթանելու նպատակով դեպի տարբեր քարանձավներ այցելություններ կազմակերպող ակումբները, խմբերն ու գործակալությունները:

Բնապահպանների խոսքով՝ այդ այցելությունները կարող են վտանգել քարանձավներում բնակվող կենդանատեսակների՝ մասնավորապես չղջիկների գոյությունը: Քարանձավներում բնակվում են ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ:

Մեծ թափով քննարկվում է Մագելի քարանձավը զբոսաշրջային կենտրոնի վերածելու հարցը:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանի խոսքով` մուտք գործելով քարանձավ` մարդիկ արթնացնում են ձմռանը քուն մտած չղջիկներին: Արդյունքում, չղջիկների մոտ սկսում են արագանալ կենսական պրոցեսները՝ օգտագործելով էներգիայի այն պաշարները, որոնք ամռան ամիսներին կուտակվել են  ձմռանը գոյատևելու համար: Եվ, քանի որ էներգիայի պաշարները բավարար չեն ձմեռն անցկացնելու համար, չղջիկները կանգնում եմ ոչնչացման վտանգի առջև:

Վտանգված են նաև քարանձավների շիթաքարերն ու կաթիլաքարերը, դրանք գրեթե ոչնչացված են:

«Ուղղակի խելահեղություն է Մագելի քարանձավը զբոսաշրջային կենտրոնի վերածելու գաղափարը, այնտեղ կենսաբազմազանությունն ուղղակի կվերանա »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանը` հավելելով, որ ցանկացած միջամտություն մեծ վտանգ կհասցնի կենսաբազմազանությանը. քարանձավում Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ կան:

Անկախ

Tags: , , , , ,