«Արձակ»-ի հատուկ մրցանակակիրները ստացան դրամական պարգեւներ

արձակ«Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբը այսօր Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում ամփոփեցին «Արձակ 2013» տարվա լավագույն պատմվածքների մրցույթի արդյունքները, որի անցկացման նպատակն է բացահայտել նոր տաղանդների հայկական ժամանակակից գրականության ոլորտում, տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածների շրջանում և խթանել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը:

««Արձակ» պատմվածքի մրցույթն անցկացում է երրորդ անգամ. մրցույթի կարևոր թիրախը նոր անունների բացահայտումն է: Մրցանակակիրները գտան իրենց տերերին, մրցույթի նպատակն էր զարգացնել ժամանակակից գրականությունն ու հանրաճանաչ դարձնել գրողներին, հայտնաբերել նոր անուններ»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Տարվա լավագույն պատմվածքի «Արձակ» մրցույթին 2013 թվականին մասնակցել է 102 պատմվածք: Դրանցից 21-ը ժյուրիի քվեարկության արդյունքում անցել են եզրափակիչ փուլ: Մրցանակաբաշխության ժամանակ հայտատարվեցին 3 լավագույն պատմվածքները, որոնք «Անտարես» հրատարակչության կողմից պարգևատրվեցին դրամական մրցանակներով և դիպլոմներով: Նախատեսված էր նաև հատուկ մրցանակներ մրցույթի հովանավորների կողմից:

Այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվում էր նախորդ տարիներից նրանով, որ չկային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր, փոխարենը կային 3 գլխավոր և երկու հատուկ մրցանակային տեղեր: «Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Անրի Գրիգորյանը «Սիեստա» պատմվածքով եւ Մերի Մկրտչյանը «Շպերունգ» պատմվածքով: Նրանք ստացան 50-հազարական դրամներ, իսկ գլխավոր մրցանակին արժանացան Նարինե Կռոյանը «Ցեցի դեղը» պատմվածքի համար, Արփի Ոսկանյանը «Ողջերին թող թաղեն ողջերը» պատմվածքի համար և Համբարձում Համբարձումյանը «Համլետի հոր Ուրվականը» պատմվածքի համար, ստանալով 100-հազարական դրամներ:

Մյուս կարևոր նպատակը, որ հետապնդում է մրցույթը, հայ գրականության նմուշների թարգմանությունն է և դրանք դրսի հրատարակչություններին ներկայացնելը: Հատկանշական է, որ արտասահմանյան մի շարք հրատարակչություններ արդեն իսկ մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում հայ հեղինակների գործերի հանդեպ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

 

Tags: , ,