Այս տարվա սկզբից Ադրբեջան վրացական “Բորժոմի” և “Լիկանի” հանքային ջուր չի ներմուծվում: Ներմուծումն իրականացրել է “Aqua Line LTD” ընկերությունը, որի Բաքվի կենտրոնում գտնվող գրասենյակը վերջերս փակվել է, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
“Բորժոմի”-ի կենտրոնական գրասենյակից հաղորդել են, որ Ադրբեջանի մաքսատունը արդեն մեկ ամիս է Ադրբեջան չի թողնում մուտք գործել հանքային ջուրը տեղափոխող բեռնատարները: Պաշտոնապես ադրբեջանական կողմը դա բացատրում է արտադրանքի որակը հաստատող անհրաժեշտ թղթերի բացակայությամբ: Թեև ադրբեջանական կողմը պնդում է, որ դրանք ի վերջո կհասնեն ադրբեջանցի սպառողին, սակայն մինչև այժմ դրանք մաքսային ստուգումը չեն անցել: Անցած տարվա ընթացքում Ադրբեջանում իրացվել է 7 միլլիոն շիշ “Բորժոմի”:
“Բորժոմի”-ի Թբիլիսիի գրասենյակից ադրբեջանական կայքին տեղեկացրել են, որ վերջին ժամանակներս ընկերության ներկայացուցիչները որոշակի ճնշումների են ենթարկվում: Ադրբեջանի առողջապահության նախարարության սանիտարական ծառայությունը նշել է, որ վրացական հանքային ջրի նախորդ չափաբաժնի հետ կապված խնդիրներ չեն եղել, իսկ ներկայիս չափաբաժանի հետ կապված տվայլներ դեռևս չունի:
Բացի դրանից, ըստ կայքի, խնդիրներ կան Ադրբեջան վրացական այլ արտադրանքի ներմուծման հարցում, մասնավորապես՝ վրացական “բաստուրմայի” և “Իվերիա” նրբերշիկների ներկրման հարցում:
Ադրբեջանի ազատ սպառողների միության նախագահ Էյուբ Հուսեյնովը կարծում է, որ “Բորժոմի”-ի ներկրման հարցում առաջացած խնդիրները պայմանավորված են մոնոպոլիստների գործունեությամբ և կառավարության ուղղորդված քաղաքականությամբ: Հնարավոր է՝ Բաքուն այս կերպ հաշվեհարդար է տեսնում Թբիլիսիի հետ, որն, իր հերթին, արգելում է Վրաստանի տարածքով ադրբեջանական արտադրանքի տարանցումը:
Tags: ադրբեջան, առևտուր, Վրաստան