ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ մեկնարկել է “Սիրիահայերին իրավական աջակցություն” փաստաբանական ծրագիրը

ՀՀ փաստաբանների պալատՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել “Սիրիահայերին իրավական աջակցություն” փաստաբանական ծրագիրը, որի նպատակն է՝ անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել սիրիահայ գաղթականներին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով ծրագրի հիմնական առաքելությունը՝ նշեց, որ ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլում, որը մեկնարկել է փետրվարի 3-ին և տևելու է երկու ամիս, ՀՀ փաստաբանների պալատում կիրականացվի անվճար իրավաբանական խորհրդատվություն, որը կնպաստի սիրիահայերի իրավագիտակցության բարձրացմանը:

Երկրորդ փուլում կամփոփվի սիրիահայերին հուզող հարցերի շրջանակը, որոնք առնչվում են ՀՀ օրենսդրության հետ, կպատրաստվի երկլեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն ձեռնարկ, որն անվճար կտարածվի սիրիահայերի շրջանում:

“Արդեն առիթ ենք ունեցել հանդիպելու սիրիահայ համայնքի շուրջ 35 ներկայացուցիչների հետ, նրանց բացատրել ենք ծրագրի էությունը: Մեր կողմից արդեն իսկ իրականացվել է նախնական ուսումնասիրություն հիմնական թիրախային հարցերի շուրջ: Դրանք հիմնականում առնչվում են սիրիահայերի կեցությանը Հայաստանում, վարորդական իրավունքների փոփոխությանը, քաղաքացիությանը, բնակարանների վարձակալությանը: Հարցերի շրջանակը բավական լայն է”,- ասաց Զինավոր Մեղրյանը՝ հավելելով, որ անշարժ գույքի վարձակալության համար ձևաթղթեր են պատրաստվել իրենց կողմից, որոնք տրամադրվելու են խորհրդատվության եկած սիրիահայերին՝ բնակարաններ կամ այլ անշարժ գույք վարձակալելու նպատակով:

Անկախ

 

Tags: ,