«Սեռական կյանքով ապրելու տարիքը նվազել է». Սևադա Հակոբյան

Սևադա ՀակոբյանՀայաստանում սեռական կյանքով ապրելու տարիքը նվազել է: Հաճախ տարբեր սոցիոգեն ազդեցությունների հետևանքով դեռահասների մոտ զարգացման շեղումներ են նկատվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

«Ներկայումս ինֆորմացիոն մեծ հոսքերի պատճառով դեռահասները հեշտությամբ ընկնում են դեզինֆորմացիայի ազդեցության ներքո: Շատ են դեպքերը, երբ առաջին սեռական հարաբերությունները տեղի են ունենում հենց այս տարիքում, բայց, քանի որ դեռահասը դեռևս հոգեպես և ֆիզիկապես թերզարգացած է, նրա մոտ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: Մենք ունենք այցելուներ, ովքեր, կարդալով այս կամ այն ինֆորմացիան, հոգեհուզական մեծ լարվածություն են ապրում: Ծնողները հնարավորինս պետք է ուղղորդեն երեխաներին, որպեսզի վերջիններս ինֆորմացիայի ճիշտ աղբյուրներից օգտվեն»,- ասաց Սևադա Հակոբյանը:

Նրա խոսքով` վերջին շրջանում հայ հասարակության մեջ էլ են մտածողության փոփոխություններ տեղի ունեցել, որոնք հանգեցրել են նրան, որ սեռական հարաբերություններ սկսել են ունենալ ավելի վաղ տարիքում, իսկ դա չի խրախուսվում ոչ մի մասնագետի կողմից: Այժմ ավելի շատ են պատահում, երբ 16-17 տարեկանից արդեն սկսում են սեռական կյանքով ապրել, բայց լավ կլինի սեռական հարաբերություններ սկսել 20-22 տարեկանից:

«Ես խորհուրդ եմ տալիս ծնողներին սխալ կամ աղավաղված ինֆորմացիա չտալ երեխաներին, ինչի համար անհրաժեշտ է, որ նրանք ևս գրագետ լինեն: Պետք է երեխաներին հնարավորինս ճիշտ ձևով մատուցել ինֆորմացիան և չշրջանցել նրանց հուզող հարցերը, հակառակ դեպքում երեխայի մոտ անպատասխան հարցեր կառաջանան, որոնց պատասխանները նա կփոչձի փնտրել և լրացնել ոչ ճիշտ աղբյուրներից: Պետք է ծնող-երեխա հարաբերություններում մտերմիկ դաշտ ստեղծել»,- ասաց Սևադա Հակոբյանը` հավելելով, որ, երբ մայրը երեխայի մոտ նկատում է, օրինակ, մաստուրբացիայի փորձեր, չպետք է արգելի նրան, քանի որ դա դեռահասության տարիքին բնորոշ է և աստիճանաբար կփոխարինվի նորմալ սեռական հարաբերություններով, իհարկե, եթե շատ վաղ տարիքում չի լինում և հիվանդագին ձևով չի դրսևորվում:

Անդրադառնալով սեռական սխալ դաստիարակության պատճառներին` մասնագետը նշեց, որ դրանց հիմքում մեծիմասամբ ընտանիքներում առկա խնդիրներն են, լարված իրավիճակը, հոր կամ մոր բացակայությունը, ծնողների դերերի սխալ բաշխվածությունը:

 Անկախ

Tags: , ,