Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում չարորակ ուռուցքներով հիվանդացության աճ է նկատվում: Եթե 2002-ին 100 հազար բնակչի հաշվով հիվանդացությունը կազմում էր 179 դեպք, ապա 10 տարի անց` 240 դեպք: Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2020-ին մոլորակի վրա կարձանագրվի չարորակ ուռուցքներով հիվանդության 20 մլն. նոր դեպք, իսկ մահացողների թիվը կկազմի 10 մլն:
Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայրապետ Գալստյանի խոսքով` 2022-ին Հայաստանում կարձանագրվի 10 հազար նոր հիվանդ, և ինչպես այժմ, այնպես էլ՝ 10 տարի անց առավել հաճախ կհանդիպի թոքի, կրծքագեղձի, միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղը:
«Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին 3 տարում զգալի կերպով հարստացել է ախտորոշիչ և բուժական ժամանակակից սարքավորումներով, ներդրվել են բուժման նոր եղանակներ: Կենտրոնը հագեցվել է համակարգչային շերտանկարահանման սարքով, ռենտգենյան ախտորոշիչ շարժական սարքով, մամոգրաֆով, ուլտրաձայնային հետազոտության սարքերով, ռադիոիզոտոպային հետազոտության լաբորատորիայով` СПЕКТ կամերայով և այլն: Չնայած որոշակի ձեռքբերումներին, անելիքներն ու խնդիրները դեռևս շատ են: Առաջնային է շենքի վերանորոգման հարցը, քանի որ 1980-ին շահագործման հանձնելուց հետո այն չի նորոգվել։ Կենտրոնին անհրաժեշտ է մագնիսառեզոնանսային շերտանկարահանման, ինչպես նաև ռենտգենյան ստացիոնար հետազոտության սարք»,- ասաց ուռուցքաբանը:
Նա տեղեկացրեց, որ 2013-ին կենտրոնում կատարվել է 3466 վիրահատություն, 4713 քիմիաթերապիա, 1112 ճառագայթային բուժում: Քիմիաթերապիան ներկայումս կատարվում է միջազգային չափորոշիչներով և նոր սերնդի քիմիապրեպարատներով:
Ըստ մասնագետի` բուժման արդյունավետության մասին է վկայում այն փաստը, որ այսօր կենտրոնի հսկողության տակ գտնվող ավելի քան 35 000 հիվանդներից շուրջ 20 հազարի մոտ բուժումից անցել է 5 և ավելի տարի, և նրանք համարվում են գործնականում առողջ:
