Այսօր հանրությանը ներկայացվեց հայկական առաջին պլանշետը` «Արմթաբ»-ը: Մշակող և արտադրությունն իրականացնող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանն իր ելույթում նշեց, որ «Արմթաբ»-ի գաղափարը հանրայնացվել է դեռ 2013-ին: Իսկ առաջիկայում գործարանը կսկսի պլանշետների մասսայական արտադրությունը:
« «Արմթաբ» ընկերությունն ակտիվորեն համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ: Պլանշետներում ներդվելու է «Ինստիգեյթ դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները: Մենք նպատակ ունենք 2015-ին «Արմթաբ» պլանշետները ներկայացնել Հայաստանի դպրոցական համակարգերում: Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր»,- ասաց Վահան Չակարյանը:
«Minno Tablet» ընկերության նախագահ Էրիկ Ռայենի խոսքով` ներդրումային ծրագիրը լավագույններից է թե’ ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցության, թե’ ներգրավված աշխատակազմի ու գործընկերների առումով:
«Մեր ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և կցուցաբերի ամեն հնարավոր աջակցություն: Ես խոնարհվում եմ հայկական տեխնոլոգիական մտքի ու ներուժի առջև և համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների երկիր»,- ասաց Էրիկ Ռայենը:
Հայկական պլանշետի ցուցադրությանը ներկա էին ՀՀ վարչապետը, Էկոնոմիկայի, Կրթության և գիտության նախարարները, դեսպաններ, պաշտոնյաներ, օտարերկրյա հյուրեր, գործարարներ և այլոք:
Նշենք, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս»-ն առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 դոլար, ինքնարժեքը` 135 դոլար: ՀՀ կառավարությունը թույլատրել է արտադրող ընկերությանը՝ գործունեություն ծավալել Ազատ տնտեսական գոտում: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունում ներգրավել 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետների:
Tags: Արմթաբ, Հայաստան, պլանշետ, Վահան Չակարյան