Քննարկվել են պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում իրազեկման, նախազգուշացումների տրամադրման և արձանագրությունների կազմման գործընթացին առնչվող հարցեր են քննարկվել վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերի և աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպված խորհրդակցությանը, որը վարել է քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչության պետերը:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել և համապատասխան պարզաբանումներ են տրվել գործընթացի շրջանակում ի հայտ եկող առավել խնդրահարույց հարցերին: Մասնավորապես նշվել է, որ տնտեսվարողների կողմից տարընկալումները բացառելու նպատակով պետք է շարունակվեն պարտադիր բարեկարգման կանոնների մասին պատշաճ իրազեկման աշխատանքները՝  դրանով իսկ բացառելով հետագայում տեղեկացված չլինելու և կամ արձանագրություններից հրաժարվելու մասին այլ պատճառաբանությունները:

«2013 թվականին ձևավորված Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական նոր համակարգը, որում այսօր ներառված են ավելի քան 9000 օբյեկտների վերաբերյալ տվյալներ, հնարավորություն է տալիս գործընթացը կազմակերպել առավել արդյունավետ: Սակայն պետք է շարունակենք աշխատանքները՝ թյուրիմացությունները բացառելու և ցանկալի արդյունք ապահովելու համար»,-նշել է Արայիկ Քոթանջյանը:

Քաղաքապետի խորհրդականը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել և, գարնանն ընդառաջ, սկսել պարտադիր բարեկարգման նորմերի շրջանակում արդեն կանաչապատման աշխատանքների ուղղությամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը:

 Անկախ

Tags: ,