«Թովմաս Վարդանյանի գործում կան փաստեր, որոնք կարող են ապացուցել նրա անմեղությունը». փաստաբան

Թովմաս Վարդանյան«Զվարթնոց» օդանավակայանի Էսպերանտո սրճարանի խոհարարի օգնական Թովմաս Վարդանյանին առաջադրված քրեական գործում շատ մութ կողմեր կան: Ամբաստանյալի պաշտպան Արմեն Մկրտչյանի խոսքով` գործի դատաքննության վերսկսման ընթացքում կատարվել են մի շարք ստուգողական գործողություններ և ի հայտ են եկել այնպիսի փաստեր, որոնք հակասական են և վկայում են իր պաշտպանյալի անմեղության մասին:

«Քրեական գործի հիմքը հանդիսացող իրեղեն ապացույցը` ուրագը, որով ըստ նախաքննության` ամբաստանյալը հարվածներ է հասցրել նույն սրճարանում աշխատող Հայկանուշ Ներսիսյանի գլխին, չի ուղարկվել ոչ դատաբժշկական փորձաքննության, ոչ մատնադրոշմային, ոչ էլ արյունաբանական փորձաքննության: Տուժողի վրա եղել են մարմնական վնասվածքի հետքեր, որոնք առաջացել են բութ գործիքի միջոցով: Մութ կողմեր են մնացել, ամբաստանյալը տուժողին վնասվածքներ է հասցրել ուրագո՞վ, բութ գործիքո՞վ, քարո՞վ, թե՞ բռունցքով»,- այսօր լրագրողների հետա հանդիպման ժամանակ Արմեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Թովմաս Վարդանյանն աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի Էսպերանտո սրճարանում որպես խոհարարի օգնական, վերոնշյալ սրճարանի աման լվացող Հայկանուշ Ներսիսյանից պարտքով գումար է վերցրել հագուստի վաճառքով զբաղվելու համար, ապա վերադարձրել ինչպես տոկոսագումարը, այնպես էլ մայր գումարը: Տուժողը դատարանում հայտնել է, որ Թովմաս Վարդանյանին տվել է 500 ԱՄՆ  դոլար և 100 հազար դրամ և, քանի որ վերջինս չի կարողացել գումարը վերադարձնել, իրեն տարել է Արբատ գյուղ, դաշտամիջյան հատվածում ձեռքերով փակել է բերանը և ուրագով հարվածներ հասցրել գլխին:

Թովմաս Վարդանյանը կալանավորված է 2013-ի փետրվարի 21-ից և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-104-ի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով՝ սպանության փորձ շահադիտական դրդումներով:

 Անկախ

Tags: , , ,