«Դուք էլ, դժբախտաբար թե բարեբախտաբար, ինձ նման օպտիմիստ ու բարի եք». Բագրատյանը` Արտակ Շաբոյանին

images (1)ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի և իր միջև նմանություն է տեսնում. «Դուք էլ, դժբախտաբար թե բարեբախտաբար, ինձ նման օպտիմիստ ու բարի եք, ինչն աշխատանքում շատ է խանգարում»,-խորհրդարանում դիմելով  ՏՄՊՊՀ նախագահին` ասաց Բագրատյանը:

Այնուհետև պատգամավորը Շաբոյանին խնդրեց ավելի կոնկրետ ներկայացնել Հայաստանի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարած ցուցանիշը, ըստ որի ԱՊՀ և Մերձբալթյան երկրների շարքում Հայաստանը տնտեսական մրցակցության և գերիշխող դիրքի առումով առաջատար է ու իր դիրքերը բարելավել է 15 կետով։ «Արդյոք կա՞ ուսումնասիրություն փոքր, միջին, մեծ ձեռնարկությունների որ հատվածն է մոնոպոլիզացված, ինչպես են բաշխվում Կենտրոնական բանկի վարկերը նույն սեկտորների մեջ: Իսկ եթե նաև ասեք, թե մոնոպոլիզացված սեկտորը ՀՆԱ-ի այսքան տոկոսն է, տալիս է հարկերի այսքան տոկոսը, ես պարզապես հիացած կլինեմ՝ չնայած դուք դա պարտավոր եք անել»,-ասաց Բագրատյանը:

Շաբոյանը պատասխանեց, որ փոքր ու միջին ձեռնարկությունների հետ կապված նման ցուցանիշների իրենք չեն տիրապետում և նման վերլուծություն չեն իրականացնում, այլ ուսումնասիրում են ապրանքների շուկաները: Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսական ֆորումի ներկայացրած ցուցանիշներին, ապա նրա խոսքով` այնտեղ ներկայացվում են տնտեսության տարբեր ոլորտներ: «Առաջինը շուկայում գերիշխող դիրք բռնած ձեռնարկությունների ազդեցությունն է երկրի տնտեսության վրա: Մենք վերջին տարիներին դրական տեղաշարժ ենք կատարել այդ ոլորտում: Հաջորդ ցուցանիշը հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշն է, որով մենք առաջ ենք գնացել և զբաղեցնում ենք 97-րդ տեղը: Տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշով մենք նույնպես ԱՊՀ երկրների շարքում առաջատար ենք և նաև առաջ ենք անցել Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրներից»:

Բագրատյանն արձագանքեց. «Գլոբալ ինդեքսի տասներկու ցուցանիշից պոկել եք մի քանիսը և ասում եք՝ լավ ենք: Դրա համար եմ ասում, որ օպտիմիստ եք: Պետք է գլոբալ նայեք»:

Ավելի ուշ իր ելույթում կրկին անդրադառնալով այս հարցին` Հրանտ Բագրատյանն ասաց, որ վերջին ցուցանիշներով Հայաստանից առաջ են Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ղաղախստանը: Իսկ չնչին լավացումը, ըստ նրա, պայմանավորված է հետևյալ հանգամանքով. «Մեկ-երկու զարգացած երկներ էդ գարունի-բանի պատճառով հետ են ընկել, մենք մեր դիրքերը բարելավել ենք: Մի քանի տարի հետո Հայաստանին հարյուրի մեջ էլ չեք գտնի` հենց թեկուզ գազային պայմանագրի, կուտակայինի պատճառով»:

Այնուհետև նա արտակ Շաբոյանին հիշեցրեց, թե ինչու երկու տարի առաջ նոյեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը մի լավ նյարդայնացավ. «Համաշխարհային բանկը հայտարարեց, որ Հայաստանի տնետսության 60-65 տոկոսը մոնոպոլիզացված է և կտրուկ հետընթաց է ապրել այս ոլորտում: Սա պետք էր շատ ազնվորեն ասել Ազգային ժողովում: Ինձ դուր է գալիս, որ դուք կարողանում եք, գոնե, տրամաբանորեն մտքերը կապեք, բայց դա քիչ է: Ինչպե՞ս կարելի է այստեղ կանգնել հաջողությունից խոսել, եթե օրինակ, վերջին չորս հինգ տարում երեք-չորս հազար հատ խանութ է փակվել: Մինչև հիմա չունեք որոշում, թե տվյալ տարածքում ինչքան սուպերմարկետ կարելի է բացել, որ չխփի փոքր բիզնեսին: Լենինի ասած` մի քայլ առաջ, երկու քայլ հետն է: Ես կարծում էի, որ Դուք, ի տարբերություն մյուսների, որակավորված տնտեսագետ եք»:

Ելույթի ավարտին ՀԱկ պատգամավորն ակնարկեց, որ մի վատ բան էլ ունի ասելու, բայց…չի ասի և երկու րոպե շուտ վերջացնելով ելույթը` հեռացավ ամբիոնից`  այդպես էլ չասելով, թե ինչ վատ բանի մասին էր ուզում ասել…

 

Անկախ

Tags: , , ,