«Լոկատոր» ընկերության կողմից ստեղծված հայկական պատմական ճարտարապետական կոթողների վերաբերյալ հավելվածներն այսուհետ կներդրվեն առաջին հայկական ԱրմԹաբ պլանշետներում:
Ներկայումս ԱրմԹաբ պլանշետների համար «Լոկատոր»-ը ստեղծում է նաև կրթական ինտերակտիվ հավելվածներ՝ նպատակ հետապնդելով բարձրացնել մեր հայրենիքի կրթական մակարդակը:
«Շատերին հայտնի «Լոկատոր»-ի 3Դ Երևան նախագիծը, որը ԱՊՀ տարածքում անալոգ չունի իր գեղեցկությամբ և ճշգրտությամբ, իրականացրել են դպրոցականներ, որոնք իրենց գիտելիքները տվյալ բնագավառում ստացել են հենց համացանցից՝ ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով։ Փաստորեն 5 դպրոցական կարողացել են իրենց գիտելիքներով հրաշալի մի նախագիծ իրականացնել, և եթե մենք ստեղծենք նոր ու հետաքրքիր կրթական հավելվածներ պլանշետների համար, որոնք ներդրվելու են դպրոցներում, ապա հիմք կդնենք մեր հայրենիքի փայլուն ապագային»,- նշում է «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:
Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ «Լոկատոր» ընկերության գործունեության վերաբերյալ`
«Լոկատոր» ընկերության մասին
2012թ.-ից «Լոկատոր»-ը զբաղվում է եռաչափ (3D) մոդելավորմամբ: Եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Երևան, Ստեփանակերտ ու Շուշի քաղաքները: Ներկայումս ընկերությունը զբաղվում է նաև Հայաստանի 8 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորմամբ` Էջմիածնի, Նորավանքի, Խոր Վիրապի, Գառնիի ու Գեղարդի, Կեչառիսի և Սևանավանքի: «Լոկատոր»-ի կողմից իրականացվող եռաչափ նախագծերի հիմնական նպատակն է նպաստել ազգային PR-ի, զբոսաշրջության, բիզնեսի, տնտեսական համագործակցության և մի շարք ոլորտների զարգացմանը Հայաստանում:
