Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սկսվել է վերջին տարիների ամենախոշոր գործադուլը: Այն կազմակերպել են երկաթուղային ու ծովային տրանսպորտի արհմիությունը, ինչպես նաև` տրանսպորտային աշխատակիցների ասոցիացիան: Բողոքի ակցիան սկսվել է փետրվարի 4-ին, տեղի ժամանակով 21:00-ին և պետք է, ըստ պլանի, տևի 48 ժամ: Նման գործադուլ էլ պլանավորվել է փետրվարի 11-13-ին: Այդ ժամանակ գնացքները կտեղաշարժվեն մեծ ընդմիջումներով, իսկ որոշ ուղություններով ու կայարաններում սպասարկումը լրիվ կդադարեցվի:
Լոնդոնյան մետրոպոլիտենի գործադուլով արհմիությունները մտադիր են իրենց բողոքն արտահայտել կառավարության` տոմսարկղերը փակելու պլանների դեմ, որի հետևանքով հազարավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից:
Լոնդոնի քաղաքապետարանում տոմսարկղերը փակելը բացատրում են վաճառքի ավտոմատացման մակարդակի աճով, ավտոմատ սարքավորումների թվի ավելացմամբ: 2013-ին տոմսարկղերից գնվել է տոմսերի ընդհանուր քանակի 3%-ը: Շատ լոնդոնցիներ էլ գերադասում են տրանսպորտի միացյալ քարտեր օգտագործել, որոնք լիցքավորում են համացանցով:
Մետրոպոլիտենի աշխատակիցները չեն պատրաստվում հանձնվել:
Գործադուլի նախօրեին Արհմիությունների նախագահ Բոբ Քրոուն հայտնել է.”Քաղաքային իշխանությունները մեզ այլընտրանք չեն թողել: Մենք գիտենք` եթե չգնանք վճռական քայլերի, ապա պարզապես կկորցնենք աշխատանքը”: Ընդ որում, նա նշել է, որ գործադուլ կարող էր և չլինել, եթե քաղաքապետարանում բանակցելու ու կոնստրուկտիվ առաջարկությունների պատրաստակամություն լիներ:
Tags: արհմիություն, գործադուլ, Լոնդոն, մետրոպոլիտեն