2011-ից սկսած ՀՀ կառավարության կողմից գերակա ճանաչված խնդիրների շարքում ներգրավված է եղել սոցիալական ծառայությունների համակագի ներդրումը: Այսօր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագրի առաջին տարվա արդյունքների ամփոփոման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Աստղիկ Մինասյանը:
Խոսելով ծրագրի արդյունքներից՝ նա նշեց, որ ծրագիրն իրականացվում է չորս թիրախային մարզերում՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Շիրակում: Մարզերում գործող 20 սոցիալական ծառայությունների 50 աշխատողներ այս մեկ տարվա ընթացքում վերապատրաստվել են սոցիալական դեպքի վարում մասնագիտության գծով: Նրանց տրամադրվել են համապատասխան աշխատանքային պայմաններ և սարքավորումներ, աշխատանքներ են տարվել մասնավորապես միգրանտ ունեցող ընտանիքների հետ:
«Մենք ունենք ոչ լրիվ կազմով ընտանիքներ, որտեղ կան թե՛ միջանձնային հարաբերությունների, թե՛ սոցիալական, թե՛ բարոյական և թե՛ առողջական խնդիր և այլն: Ծրագրի շրջանակներում ձևավորվել է ընտանիքներին աջակցող միասնական ցանց, որտեղ ներգրավված են հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջգերատեսչություններ և այլ կառույցներ: Որքան առանձնահատուկ է կոնկրետ ընտանիքի խնդիրը, այնքան առանձնահատուկ է կոնկրետ համայնքի խնդիրը: Յուրաքանչյուր ընտանիքի պետք է օգնություն ցուցաբերվի իր աջակցող անհատական ցանցի միջոցով, յուրաքանչյուր համայնքի՝ իր աջակցող անհատական ցանցի միջոցով: Արդեն 1500 ընտանիք ուսումնասիրվել է, 1000-ը առանձնացվել է, շուրջ 700-ի կարիքները մանրամասն գնահատվել են և շուրջ 300-ի համար անհատական ծրագրեր են կազմակերպվել»,- ասաց Աստղիկ Մինասյանը՝ հավելելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ մշակել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում:
Tags: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, միգրացիա