Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի քաոսի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է

դեմ եմՊարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր ժամը 12-ին ՀՀ կառավարության երրորդ շենքի դիմաց հավաք-երթ են անցկացնելու՝ ի նշան բողոքի: Նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյան խոսքով՝ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումից հետո անհրաժեշտություն կա նվաճելու սեփական իրավունքները:

«Մի շարք կազմակերպություններ կան, որոնք առանց աշխատակիցների կարծիքը հարցնելու արդեն պահումներ են արել աշխատավարձերից՝ ստիպելով ընտրել իրենց կառավարիչներին: Այդ դեպքում նրանք ինչպե՞ս են փոխհատուցելու այն գումարները, որոնք առանց աշխատողի կարծիքը հաշվի առնելու պահել են և փոխանցել ինչ-որ հիմնադրամների»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Մանուկյանը՝ հավելելով, որ ստեղծված քաոսի պատասխանատուն ՀՀ Կառավարությունն է:

Նախաձեռնության անդամների խոսքով՝ պետական այրերն իրենց համարում են էմոցիոնալ երիտասարդներ, ովքեր չեն մտածում իրենց ծերության մասին, բայց, ըստ նրանց՝ իրենք ավելի պրագմատիկ ենք, քան այդ պետական այրերը:

Ծրագրավորող Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ ատոմակայանի և Հայփոստի աշխատակիցներն իրենց աշխատավարձերն  արդեն ստացել են պահումներով: «Ատոմակայանի չորս հարյուր աշխատակիցներ արդեն ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի»,- ասաց Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ԱԺ-ն ևս այն կազմակերպություններից է, որն  իր աշխատակիցների աշխատավարձերից  պահումներ է արել:

Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ փետրվարի 8-ին «Դեմ եմ»-ի նախաձեռնողները մեկնելու են Վանաձոր՝ մասնակցելու Վանաձորում կազմակերպված հավաք-երթին: Նրանք պատրաստ են մեկնել բոլոր այն մարզեր, որտեղ նմանատիպ ակցիաներ կկազմակերպվեն:

Անկախ

Tags: , ,