Ֆեյսբուքյան էջում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն անդրադարձել է երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովպասյանի պատասխանին՝ ուղղված ՀԱԿ խմբակցության ղկավար Լևոն Զուրաբյանի հարցին. «Երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ մեր ամենագետ նախարարներից Հրայր Թովմասյանը զարմացրեց իր գիտելիքներով, ՓԲԸ-ների գույքի և բաժնետոմսերի մասին իր կարդացած «մաստեր-կլասսով» կամ վարպետաց դասերով: Փաստորեն ստացվեց, որ «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ն իր գույքը վաճառելուց հետո կարող է վաճառել իր բաժնետոմսերը, բայց այստեղ մի հարց է առաջանում. քանի՞ կոպեկ արժեն Որոտանի բաժնետոմսերը, եթե նույն Որոտանի գույքը արդեն վաճառված է:
Իսկ Որոտան ՓԲԸ-ն մեկ «շկաֆի» հետ համեմատելն էլ իրոք աննախադեպ համեմատություն էր, որը լիարժեքորեն ներկայացնում է մեր կառավարության գործելաոճի տրամաբանությունը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով Որոտանի կասկադի վաճառքի գործընթացին, ասել էր, որ կառավարությունը գործարքը կատարել է՝ շրջանցելով ՀՀ օրենքներն ու խորհրդարանը, ինչը, նրա կարծիքով, հանցագործություն է, որի համար կառավարությունը մի օր պատասխանատվություն է կրելու:
Պատգամավորի հարցին պատասխանել էր Հրայր Թովմասյանը՝ նրան մեղադրելով անգրագիտության մեջ. «Անհեթեթություն ասել բարձր ամբիոնից, որևէ մեկին պատիվ չի բերում: Տարրական իրավաբանական գիտելիքների պակասն էլ որևէ պատգամավորի պատիվ չի բերում: Եթե Դուք կարդում եք, բայց չեք հասկանում, դա չի նշանակում, որ տրամաբանություն չկա: Եթե դուք այդ տրամաբանությունը չունեք՝ դա հասկանալու և ընկալելու համար, եթե դուք այդքան լսելու ունակություն չունեք՝ ձեր տված հարցի պաատսխանը, ապա կընկնեք անհեթեթ վիճակում, երբ պետությունը ուզենա մեկ շկաֆ վաճառի, դիմի ձեր թույլտվությանը: Եթե ձեր համար կորպորատիվ իրավունքի տարրական, էլեմենտար գիտելիքներն ընկալելի չեն, թե ինչ է նշանակում բաժնետոմս, ինչ է նշանակում բաժնետոմսով ապահովված ապրանք, որ չի կարող նույն գույքը երկու ձևով սեփականություն լինել, դա ձեր մեղքն է: Եվ մեր երկրի դժբախտությունն է, որ դուք այս ամբիոնից կարող եք նման հարցեր բարձրացնել»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ էր արել պատգամավորներին ու կառավարության անդամներին լինել կոռեկտ, քանի ր հանրությունը նրանց է լսում:
Tags: Ազգային ժողով, Լևոն Զուրաբյան, Հրայր Թովմասյան, Վահան Բաբայան

