Մենք ունեն մի իրավիճակ, երբ թե’ Մաքսային միության հետ գործընթացները, թե’ Եվրամիության հետ նոր ձևաչափի գործընթացները զուգահեռ տեմպերով են առաջ գնում: Հայաստանը դեռ պարզ չի պատկերացնում, թե ի՞նչ ձևաչափով կհամագործակցի Եվրամիության հետ, հստակություն չկա նաև Մաքսային միության հետ համագործակցության ժամկետների և պայմանների մասով: Բայց փաստ է, որ այս տարվա ընթացքում բավական լուրջ զարգացումներ են սպասվում անվտանգության ոլորտում, որը կապված է առաջին հերթին ռազմատեխնիկական համագործակցության հետ: Եթե այդ համագործակցությունը տեղի ունենա, այն աննախադեպ ձևով կանդրադառնա տարածաշրջանի ռազմական բալանսի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն հարձակման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրերս արած հայտարարությանը` Սերգեյ Մինասյանը նշեց, որ `ԵԱՀԿ Մինսկի խմբից չպետք է սպասել Ադրբեջանին ուղղված կոշտ և կտրուկ հայտարարությունների, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ առաքելություն է դրված բանակցությունների շարունակական ընթացքն ապահովել:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է այնպիսի իրավիճակ չստեղծել, որը պատրվակ դարձնելով Ադրբեջանը փորձի տապալել բանակցային գործընթացը: Իհարկե, այն դիվանագիտական ձևակերպումները, որոնք մատուցվում են հանրությանը խիստ տարբերվում են Մինսկի Խմբի և կողմերի միջև եղած իրական խոսակցություններից: Բանակցությունները շարունակելու ու պահպանելու սկզբունքը թույլ չի տալիս Ադրբեջանի հանդեպ ավելի ոչ դիվանագիտական լեզու կիրառել»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ այդուհանդերձ, նախադրյալներ չկան, որոնք կարող են վկայել ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման մասին:
Tags: Եվրամիություն, Մաքսային միություն, Սերգեյ Մինասյան