«Ժուլիկ նախարար, բութ մեծամասնություն». Լևոն Զուրաբյանի պատասխանը

Լևոն-Զուրաբյան11Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ արդարադատության նախարարին ուղղված իր հարցի պատասխանին, որտեղ վերջինս պատգամավորին մեղադրել էր տարրական գիտելիքներ և տրամաբանություն չունենալու մեջ:

Հիշեցնենք, որ Զուրաբյանի հարցը վերաբերում էր Որոտանի կասկադի վաճառքին:

«Իրավաբան նախարարը չգիտի, որ տնօրինման և օգտագործման իրավունքները Հռոմեական իրավունքի ժամանակներից պատկանում են սեփականատիրոջը: Մինչդեռ պետական սեփականության սեփականատերը կառավարությունը չէ, այլ պետությունն է»,-առաջին հակափաստարկը բերեց Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով նախարարի այն խոսքին, որ կառավարությունը ոչինչ չի վաճառել` հղում կատարելով կորպորատիվ իրավունքին, Զուրաբյանը նախ հիշեցրեց, որ ինքն էլ  գիտի, թե ինչ բան է կորպորատիվ իրավունքը և ի տարբերություն «այդ շնորհալի, բայց որոշ դասեր բաց թողած իրավաբանի, որն այդպես էլ չմատնանշեց օրենքի որևէ հոդված», ինքը դա սերտել է Միացյալ նահանգներում:  Զուրաբյանը հղում կատարեց Հայաստանում կորպորատիվ իրավունքի հիմնական օրենքին` ներկայացնելոով իր հիմնավորումները, որ առանց կառավարության որոշման նման գործարք հնարավոր չէր անել, և որ Թովմասյանն ուղղակի ստում է:

Սակայն, եթե անգամ ընդունվել է գաղտնի որոշում, միևնույնն է, Զուրաբյանը կարծում է, որ  խախտվել է «Պետական սեփականության մասնավորեցման» մասին օրենքը, ըստ որի ցանկացած պետական գույք ենթակա է մասնավորեցման միայն ԱԺ-ի կողմից հավանություն ստանալուց հետո: Կամ էլ Հրայր Թովմասյանը հնարել է ցանկացած պետական ձեռնարկության մասնավորեցման համար հանճարեղ մի ձև, որը թույլ է տալիս շրջանցել Ազգային ոժղովն ու համապատասխան օրենքը:

«Այս հանգամանքը ցույց է տալիս, որ որ նա վարվել է այնպես, ինչպես կվարվեր սովորական մի ժուլիկ, որն օրենքի սողանցքն օգտագործում է պետական սեփականությունը հանրային վերահսկողությունից հանելու և հափշտակելու նպատակով»,-ասաց նա:

Անդրադառնալով Ազգային ժողովում ոչ իշխանական չորս ուժերի կողմից համատեղ նախաձեռնություններով հանդես գալու, սակայն որևէ արդյունքի չհասնելու փորձերին, ՀԱԿ պատգամավորը դա բացատրեց հետևյալ հանգամանքով` խորհրդարանական բութ մեծամասնության և կառավարության, որն անում է այն, ինչ ուզում է:

 

Անկախ

Tags: , , ,