Ինչպես «Անկախը» հաղորդել էր, վերջերս Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի քաղաքային խորհուրդը քննարկման էր դրել քաղաքի ամենամեծ վարչական շրջանում՝ Բոթչյուրկայում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման հարցը: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ հուշարձանի կառուցման նախագիծը հաստատվել էր, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել տեղաբնակ թուրքերի ու ադրբեջանցիների շրջանում: Վերջիններս բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքային խորհրդի շենքի դիմաց՝ պահանջելով չհաստատել նախագիծը:
Ահա թուրքական «Սաբահը» գրում է, որ այս հարցը քննարկման առարկա է դարձել նաև Թուրքիայում: Մասնավորապես Ազգայնական շարժում կուսակցության Քոնիայից պատգամավոր ընտրված Ֆարուք Բալը, դիմելով արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, պահանջել է համապատասխան քայլեր ձեռնարկել: Պատգամավոր Բալը իր դժգոհությունն է հայտնել Շվեդիայում ընդունված նախագծի դեմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքային խորհրդում հուշարձանի կանգնեցման օգտին քվեարկածների թվում կան նաև թուրքական ծագում ունեցող խորհրդի անդամներ: Բալը կոչ է արել, որպեսզի Թուրքիայի արտաքին դիվանագիտական առաքելությունները զբաղվեն այս հարցով և անուշադրության չմատնեն Շվեդիայի թուրք քաղաքացիներին անհանգստություն պատճառած խնդիրը:
Tags: թուրքիա, Հայոց ցեղասպանություն, շվեդիա
