«Այն, որ հանարապետություն ներմուծվող պատվաստանյութերը ժամկետանց են կամ անորակ, չի համապատասխանում իրականությանը» Գայանե Սահակյան

Գայանե ՍահակյանՅուրաքանչյուր տարի պատվաստումների շնորհիվ աշխարհում ավելի քան 3 մլն կյանք է փրկվում: Տաս տարուց ավել է պատվաստումների շնորհիվ մեր երկրում դիֆտերիա չի գրանցվել, այնինչ 1994-95-ին այն 34 մարդու կյանք խլեց: 1995-ից հետո մեր երկրում չի գրանցվել նաև անբուժելի համարվող պոլիոմելիտ հիվանդությունը: Կարմրուկի, կարմրախտի, խոզուկի պատվաստումների մակարդակը մեզ մոտ այնքան բարձր է, որ անցած տարի Վրաստանում գրանցված դեպքերը վտանգ չներկայացրին Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Անդրադառնալով պատվաստանյութերի խնդրին` Գայանե Սահակյանը նկատեց, որ տարածված ապատեղեկատվությունը, ըստ որի` հանարապետություն ներմուծվող պատվաստանյութերը ժամկետանց են կամ անորակ, չի համապատասխանում իրականությանը:

«Այսօր երկիր ներկրվող բոլոր պատվաստանյութերը միայն հայտնի եվրոպական երկրների արտադրողներից են գնվում: Մենք ամեն տարի նոր պատվաստանյութեր ենք գնում, իսկ դրանք ունենում են 2-3 տարվա ժամկետ: Մինչ օրս պատվաստումներից երեխաներ չեն մահացել, եղել են դեպքեր, որ երեխաների մոտ հետպատվաստումային շրջանում առաջացել է թոքաբորբ, որը զարգացել է կայծակնային արագությամբ: Պատվաստումը չի թուլացնում երեխայի իմունային համակարգը»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նա նշեց, որ բժիշկներին այսօր մի հարց է մտահոգում. հաճախ աղանդավորները հրաժարվում են պատվաստումներից` դրանով վտանգելով երեխաների կյանքը:

«Նման դեպք հենց երեկ է գրանցվել: Ընտանիքում վեց երեխա էին, որոնցից մեկը հիվանդ էր խոզուկով,  ծնողները հրաժարվեցին մյուս երեխաների պատվաստումից»,-ցավով ասաց մասնագետը:

 Անկախ

Tags: