ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Անկախ»-ի հարցին, թե Սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային պարտադիր վճարները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ և դրան զուգահեռ իրականացվող համատարած պահումները քաղաքացիների աշխատավարձերից ի՞նչ հետանքներ կարող են ունենալ, և արդյոք քաղաքացիները կարո՞ղ են պաշտպանել իրենց իրավունքները դատարանում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը` մարտի 28-ը, պարտադիրը հանված է, բայց ցավոք սրտի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկումների ժամանակ մի եզրույթ օգտագործեց, որ պարտաճանաչ գործատուները փոխանցումներ են կատարում: Դրանք անպարտաճանաչներն են»,-ընդգծեց Հակոբյանը` կոչ անելով քաղաքացիներին դիմել դատարաններ, եթե առանց իրենց համաձայնության աշխատավարձերից փոխանցումներ են կատարվում կենսաթոշակային հիմնադրամներին:
Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ այս երևույթը լռելյայն չի անցնի, և շուտով դատարանները կհեղեղվեն համապատասխան բողոքներով. «Մենք էլ շատ սկզբունքորեն կպաշտպանենք բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք կդիմեն դատարան»,-ավելացրեց նա:
Ողջունելով երեկ տեղի ունեցած «Դեմ եմ» շարժման բողոքի երթը` պատգամավորը մեկ անգամ ևս ընգծեց այն հանգամանքը, որ աննախադեպ է, երբ քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը կարողանում են հանդես գալ միասնական օրակարգով:
Tags: Դեմ եմ շարժում, ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի, ժառանգություն, Ռուբեն Հակոբյան, Սահմանադրական դատարան