«Իշխանափոխության գաղափարը պետք է հասունանա». Արմեն Ռուստամյան

загруженное (1)ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ իշխանությունները նույնպես պատրաստվում են գազի հարցով հանձնաժողով ստեղծել, ասաց. «Մենք պատրաստ ենք համագործակցել, այդ առումով խնդիր չունենք, որովհետև ավելի լավ է` ինչ որ քայլ կատարվի, քան էսպես ամեն ինչ փակուղի մտնի»:

Դիտարկմանը, որ ոչ իշխանական չորս խմբակցություններն անընդհանտ խորհրդարանում հանդես են գալիս միասնական  հարցերով, սակայն որևէ արդյունքի չեն հասնում և հարցին, թե հնարավո՞ր է, որ չորս խմբակցւթյունների միասնական օրակարգ մտնի իշխանափոխության հարցը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք ենթադրում ենք, որ մեր նախաձեռնությունները նման արձագանք կարող են ստանալ, բայց դրանք ուղղված են ոչ միայն մեծամասնությանը, այլև մեր ժողովրդին, հասարակությանը, որպեսզի տեսնեն` ինչն ինչոց է»:

Դա, ըստ նրա, կարող է իր արդյունքը տալ. հասարակությունը, տեսնելով, որ ցանկացած հարց` անգամ ամենաանմեղ հարցը, մերժվում է իշխանությունների կողմից, առաջ կբերի հարցերի լուծման միակ` իշխանություններին փոխելու տարբերակը:

«Սա պետք է հասունանա, պետք է պարզ երևա, որ այդ խնդիրը դառնում է գերակա: Չեմ կարծում, որ այս ամենը, կուտակվելով, իր արդյունքը չի տալու»,-ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` այսօր հասարակության մեջ դեռևս կան իշխանություններին հավատացողներ, որոնք ունեն սին պատրանքներ, և նման քննարկումները կբերեն նրան, որ նրանց հավատացողների շրջանակն այնքան կփոքրանա, որ կսահմանափակվի միայն իշխանավորներուվ ու իրենց մոտիկ-հարազատ-բարեկամներով: «Մեզ մոտ կա իշխանափոխության գաղափար, բուն  նպատակը բոլորը ունեն, սակայն դեռևս համաձայնությունների դաշտ կա` ինչ ձևով, ինչ բովանդակությամբ և ամենակարևորը` ինչպես անել, որ իշխանությունները փոխելուց հետո նույն իրավիճակը չկրկնվի, և նոր եկողները արագորեն չմոռանան, թե ինչի համար էին եկել իշխանության»:

 

Անկախ

Tags: , , ,