Պարսիկ գյուտարարների նոր գյուտը կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը

Սիամաք ԱլիզադեհՊարսիկ գյուտարարների կողմից ստեղծված «Ալքազոթ փլաս» և «Ֆեսվազոտ» պարարտանյութերը, որոնք օգտագործվելու են Հայաստանի գյուղատնտեսության մեջ, փոխարինելու են քիմիական պարարտանյութերին` մեծապես նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով պարսիկների նոր գյուտը` ասաց Հայաստանում այդ պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող «Արմեն Բիոթեք» ՍՊԸ տնօրեն Սիամաք Ալիզադեհը:

Նա նշեց, որ քիմիական պարարտացման ժամանակ բույսին տրված պարարտանյութն ամբողջովին չի կլանվում նրա կողմից, իսկ չօգտագործված մասը մնում է հողում: Իրենց կողմից մշակված տեխնոլոգիայի շնորհիվ մանրէներն օգնում են ստանալ անհրաժեշտ ֆոսֆորն ու ազոտը հենց բնական միջավայրից:

«Մենք ապահովում ենք օրգանիկ արտադրությունը և չենք աղտոտում շրջակա միջավայրը: Մեր պարարտանյութերի կարևորագույն հատկանիշներից մեկն էլ այն է, որ անվնաս է կենդանական և բուսական աշխարհի համար: Մենք խոստանում ենք պարարտանյութերի շնորհիվ ստանալ մշակաբույսերի ավելի մեծ արդյունք՝ քիմիական պարարտանյութերից մոտ 40-50% ավելի էժան գներով»,- ասաց Սիամաք Ալիզադեհը:

«Արմեն Բիոթեք» ՍՊԸ-ի գործերի կառավարիչ Վարդան Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ ՍՊԸ-ն արդեն 15 տարի Իրանում զբաղվում է պարարտանյութերի արտադրությամբ, և ուսումնասիրելով համաշխարհային շուկան,  հարմար է գտել Հայաստանում կազմակերպել այդ արտադրությունը:

«Մենք Աբովյանում արդեն սկսել ենք պարարտանյութերի արտադրությամբ զբաղվել: Բանակցություններ ենք վարում ինչպես Հայաստանի հարևան երկրների, այնպես էլ մի քանի եվրոպական երկրների հետ արտադրանքը հայկական անունով այդ երկրների շուկաներ արտահանելու համար: Հույս ունենք, որ մեր արտադրանքը մեծ ծավալների կհասնի»,- ասաց Վարդան Գրիգորյանը:

 Անկախ

Tags: , , ,