«Թող այդ հանձնաժողովը կոչվի հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով». Նաիրա Զոհրաբյան

arm138381846827

«Եթե նախաձեռնությունն ընդամենը հերթական իմիտացիան է լինելու գոլորշի բաց թողնելու համար, ապա մենք կքննարկենք` ընդհանրապես արժե՞ միանալ այդ նախաձեռնությանը թե ոչ»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ իշխանությունները նույնպես մտադիր են գազի հարցով հանձնաժողով ստեղծել:

Նաիրա Զոհրաբյանն ավելացրեց, որ իրենք որևէ ամբիացիա չունեն, և եթե նպատակն այն է, որ նախաձեռնության հեղինակն անպայման գործող իշխանությունները լինեն, ապա. «Քավ լիցի, թող այդ հանձնաժողովը կոչվի հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»:

Կարևորը, ըստ նրա, հանրության և քաղաքական ուժերին հուզող խնդիրները բարձրացնելն ու քննարկելն է:

Անդրադառնալով մյուս երեք ոչ իշխանական խմբակցությունների հետ իշխանափոխության հարցի շուրջ քաղաքական օրակարգ ձևավորելուն` ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, այս վիճակը երկար շարունակվել չի կարող: Սակայն մենք առաջնորդվում ենք փոքր քայլերի սկզբունքով: Եկեք առաջ չընկնենք ու չբացահայտենք, թե ինչ ենք  պատրաստվում անել»:

Ի դեպ, նա նշեց, որ փետրվարի 15-ին տեղի ունենալիք ԲՀԿ համագումարից հետո հանրությանը հուզող շատ ու շատ հարցեր կգտնեն իրենց պատասխանները:

 

Անկախ

Tags: , ,