Փետրվարի սկզբից հարավից Հայաստան են ներթափանցել տաք օդային հոսանքներ, ինչը վկայում է այն մասին, որ գյուղատնտեսությանը վտանգ չի սպառնում: Փետրվարի 5-ից ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, բարձր ջերմաստիճանը կշարունակվի մինչև փետրվարի 12-ը՝ բարձրանալով օրական մեկից երկու աստիճանով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Օդերևութաբանի խոսքով` Արարատյան դաշտավայրում, սակայն, օդի ջերմաստիճանն արագ չի բարձրանում, քանի որ ցուրտ հոսանքների լճացում կա այդ տարածքում:
Անդրադառնալով հունվար ամսվա ցրտերին` Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս ձմռանն անոմալ երևույթներ են գրանցվել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Հանրապետությունում հունվարին նկատվեցին անորմալ երևույթներ: Այն օրերին, երբ Արարատյան դաշտավայրում ցուրտ էր, Տավուշում օդի ջերմաստիճանը հասել էր մինչև 16 աստիճան տաքության: Ջերմաստիճանը իջել էր նաև փետրվարի 1-4-ն ընկած ժամանակահատվածում: Ամենացուրտն Աշոցքում էր, իսկ ձյան ամենահաստ շերտը գրանցվել էր Ապարանում»,-ասաց օդերևութաբանը:
Ինչ վերաբերում է գարնան և ամռան ամիսներին, Գագիկ Սուրենյանի խոսքով` դեռ կանխատեսումներ չկան: Իսկ առաջիկա օրերին ջերմաստիճանի այնպիսի անկում, ինչպիսին հունվարին էր, չի սպասվում:
Tags: գյուղատնտեսություն, եղանակը Հայաստանում